ՀՅԴ-ի հետ տարաձայնություններ չկան, հակադրության մասին խոսք չկա, որովհետև քաղաքական ուժերը հասկանում են, որ կա քաղաքական ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտություն:
Այս մասին Ազգային ժողովում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության հետ հանդիպումից հետո ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես է պետք հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը: Դրանից հետո իրադարձությունների մասին մտքեր փոխանակեցինք մոտեցումների փիլիսոփայության շուրջ: Փիլիսոփայությունն այն է, որ պետք է փորձենք ստեղծել աշխատանքային մթնոլորտ: Հավանական պաշտոնների և կոալիցիոն գործընկերության հարց չի քննարկվել»,- հայտարարեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հանդիպել էր «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ, հանդիպելու է նաև «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների հետ: