Հայաստան Քաղաքական Բարի օր 

«Մեր դեմ խաղ չկա»-ի համակարգը ջարդելու իսկապես արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Ելք» խմբակցության հետ քննարկել են հետագա աշխատանքների հետ կապված հարցեր, որևէ գաղտնիք չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենք «Ելք» խմբակցության հետ համագործակցության ժամանակ նախապայմաններ չեն առաջադրել:

«Որևէ համագործակցության ժամանակ «Ծառուկյան» դաշինքը նախապայմաններ չի թելադրում: Մենք վստահ ենք մի բանում, որ այս համակարգը, որ տարիներ շարունակ արմատավորվել է մեր երկրում, այս «մեր դեմ խաղ չկա»-ի համակարգը, որ «բոլոր ճանապարհները պիտի անցնեն Մելիք Ադամյան փողոցով», համատեղ ուժերով ջարդելու իսկապես արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել, և պետք է առանց որևէ նախապայմանների, առանց ուլտիմատումների միավորել մեր բոլոր ուժերը, միավորել հանդուրժողականության մթնոլորտում, միավորել ոչ թե վհուկների որս հայտարարելով, ոչ թե իրականությունը սև ու սպիտակի բաժանելով, այլ միավորել իսկապես երկիրն այս վիճակից դուրս բերելու համար»,- հավելեց  նա։

Արտահերթ ընտրությունների հետ կապված՝ Զոհրաբյանն ասաց, որ արտահերթ ընտրություններ պե՛տք է լինեն, բայց պետք է նաև հասկանալ, որ դա մեկ ժամում անելու բան չէ:

 «Պետք է պատրաստվել դրան, բարեփոխել «Ընտրական օրենսգիրքը»,- ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ իրենց խմբակցության բոլոր պատգամավորները, ովքեր երկրում են լինելու, մասնակցելու են քվեարկությանը:

«Մի քանի բացակա ունենք, որոնք ԱԺ քարտուղարության հետ փորձում են կազմակերպել իրենց քվեարկությունը՝ գրավոր»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ այնուամենայնիվ ՀՀԿ-ն տապալի քվեարկությունը, պատգամավորը պատասխանեց. «Մենք ունենք տեղեկատվություն Նիկոլ Փաշինյանի և Վահրամ Բաղդասարյանի հանդիպումից: Ուզում եմ հավատալ, որ նրանք չեն խոչընդոտի քվեարկությանը»:

Նույն շարքից