Հայաստան Քաղաքական գլխավոր 

Մենք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնելու. Փաշինյանը պատասխանեց Ֆարմանյանի հարցին

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին այն մասին, որ երբ ժամանակին ԵԼՔ-ը ԵԱՏՄ-ից դուրս գալու օրենքի նախագիծ էր բերել ԱԺ, ինչպես նաև մեջբերեց Փաշինյանի խոսքերը ՀԱՊԿ-ի մասով՝ «Ամբողջ օրը ասում ենք ՀԱՊԿ, հենց հարձակում է լինում, պարզվում է՝ ՀԱՊԿ պայմանագիրը Մովսես գյուղի համար չէ, սրա համար չէ: Մեր թշնամուն  ՀԱՊԿ-ն է զինում, ՀԱՊԿ, ՀԱՊԿ,  իսկականից դարձրեցին Բրյուս Լի-ն»:

Ֆարմանյանն ասաց, որ Փաշինյանը բացատրի, թե ինչ  փաստարկների հիման վրա է նա այդպես մտածել,   վարչապետ ընտրվելու դեպքում  կարող է այս խնդիրները բարձրաձայնել  գործընկերների շրջանում՝ ՀԱՊԿ-ում: Եթե Մովսես գյուղի նկատմամբ հարձակում լինի, որոնք են լինելու Փաշինյանի քայլերը՝  ՀԱՊԿ-ի հետ կապված:

Ֆարմանյանը նաև հիշեցրեց Փաշինյանի ելույթն այն մասին, որտեղ նա ասում է՝ կորչեն Բելառուսն ու Ղազախստանը, ՌԴ-ն էլ պետք է խորը վերլուծել և հասկանալ՝ ՌԴ-ն ո՞ւմ ռազմավարական գործընկերն է ՝ ՀՀ-ի, թե՞ Ադրբեջանի. «Դուք վերլուծե՞լ եք, պարզե՞լ եք, թե ՌԴ-ն ում ռազմավարական գործընկերն է»:

Ֆարմանյանը նաև ուշադրություն  դարձրեց այն հանգամանքին, որ Փաշինյանը ոչ մի անգամ  չի  օգտագործել այն ձևակերպումը, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է:

«Մեր շարժման ընթացքում արտաքին քաղաքականությանն  անդրադարձեր  չի եղել, ընդհանրապես չենք անդրադարձել: Արտաքին քաղաքական թեմաներին մենք անդրադարձ չենք ունեցել: Հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ են, դա նույնպես իրողություններ են, որի հետ մենք հաշվի  նստում ենք»:

ՀԱՊԿ-ի մասով Փաշինյանն  ասաց. «Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում շատ օգտակար կլինի փոխադարձ դաշնակցային պարտականությունների ճշգրտումը ռազմական անվտանգության ոլորտում: Կան հարցեր, որ մեր հանրության համար բաց են, ուղղակի փոխադարձաբար պարտավորությունները պետք է հստակ արձանագրենք, որ ակնկալիքները ճիշտ ձևակերպենք»:

Ֆարմանյանը հարցրեց՝ ՌԴ-ն Փաշինյանի  վարչապետության ժամանակ շարունակելո՞ւ է լինել ՀՀ ռազմավարական դաշնակից. «Դուք որպես վարչապետ ընտրվելու դեպքում պատրաստվո՞ւմ  եք այս թեմաները բարձրաձայնել ՀԱՊԿ նիստի ժամանակ՝ Նազարբաևի, Լուկաշենկոյի, Պուտինի ուշադրությանն արժանացնելու համար»:

Փաշինյանն ասաց, որ ինքը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում. «Մենք խնդիր չենք դնելու ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս բերելու, ԵԱՏՄ-ից դուրս բերելու մասով , կան բազմաթիվ խնդիրներ, մոտեցումը հետևյալն է, որ այդ բոլոր հարցերը պետք է բարձրացնենք գործընկերության մոտեցումներով»:

Նույն շարքից