«Հանրապետական» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց.
«Ակնհայտ է, որ թե հանրահավաքի, թե նախընտրական շրջանում տրված բոլոր խոստումների իրականացման գործիքները կառավարությունն է: Վարչապետ դառնալու պարագայում, ովքե՞ր են լինելու կառավարության կազմում՝ ո՞վ է լինելու, օրինակ, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը, ֆինանսների նախարարը և այլն: Կախված նրանից, թե ովքեր կլինեն պատասխանատու պաշտոններում, խոստումները կարող են իրականանալ, կարող են չիրականանանալ: Հանրությունն իրավունք ունի ճանաչել ապագա կառավարության անդամներին»:
Հարությունը խնդրեց, որ Փաշինյանը նշի կառավարության անդամներին, որին ի պատասխան վերջինս ասաց.
«Միջազգային ԶԼՄ-ներում շատ եմ հանդիպում բարձր գնահատականների: Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, շատ բարձր գնահատականի է արժանանում, համարում եմ, որ դա ոչ թե այս քաղաքական գործընթացում ներգարավված կոնկրետ կողմի արժանիքն է, այլ դա բոլորիս արժանիքն է: Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ապա պետք է արձանագրենք, որ այժմ ֆորս մաժորային իրավիճակ է, վարչապետի նշանակումը և կառավարության ձևավորումը ներքաղաքական ժգնաժամը հաղթահարելու գործիք պետք է լինի: Մեր նպատակն է ձևավորել համերաշխության մթնոլորտ: Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունն ինչպիսի պատկեր ցույց կտա, քաղաքական խորհրդատվությունների և քննարկումների շրջանակներում: Ձևավորել համաձայնության կառավարություն, սա է խնդիրը»:
Հարությունն ասաց, որ հարցը հռետորական հարցադրում չէ, քանի որ կախված նրանից, թե ովքեր կստանձնեն պատասխանատվություն, կարող ենք հասկանալ, թե ինչ ձեռքբերումներ կունենանք. «Նույնիսկ Ձեր մոտ ուրվագծված չէ, նույնիսկ չունեք այն անկյունաքարային դերակատարներին, կամ դրանց չենք նշում, որն անորոշություն է առաջացնում, իսկ եթե դրանք չկան, ապա անորոշությունն ավելի է խորանում: Միայն վարչապետի ֆիգուրը բավարար չէ»: