Հայաստան Քաղաքական Բարի օր 

Բոլոր հարցերի պատասխանը կարելի էր փակել, ասելով՝ Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց. Արմեն Աշոտյան

Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս նախ նկատեց, որ գրեթե հանրահավաք չի եղել,  որտեղ թեզեր չեն առաջադրվել արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Արմեն Աշոտյանը մեջբերեց հենց նույն սենյակում Նիկոլ Փաշինյանի նախկինում արած տարբեր հայտարարություններ, ըստ որի` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «ԵԱՏՄ կազմում ՀՀ-ի մնալու միակ հիմնավորումը շանտաժն է», «ԵԱՏՄ-ն բացի վնասից, ոչ մի օգուտ չի բերել Հայաստանին», ««Ելք«-ը իշխանություններին 10:02 հաղթեց փաստարկներով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առումով», «ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել»:

Արմեն Աշոտյանի առաջին հարցն այն էր, թե ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, երբ ԵԱՏՄ անդամակցության գնահատականները չեն հնչում նախկինի պես:

 «Երկրորդ` Դուք միայնակ չեք, և շարժումն ունի քաղաքական թիմ, և այդ թիմում շատ են արևմտյան հայացքներ ունեցող գործընկերներ, որոնք չնայած Ձեր հայտարարություններին, տարածում են հակառուսական մեսիջներ»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանը հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի այն գնահատականը, թե  ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագիրը ջուր է և պետք է պատրաստվի ասոցացման և ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր: Նա հարցրեց, թե արդյոք նա մտադրություն ունի՞ զրոյացնել ստորագրված համաձայնագիրը և ստորագրել նոր համաձայանգիր, որը կհակասի ԵԱՏՄ-ին:

Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցերին՝ ասաց, որ  ունեն նոր քաղաքական իրողություն, և ցանկացած քաղաքական և պետական գործիչ պետք է հաշվի նստի նոր իրողությունների հետ: «Ընդհանրապես մեր շարժման հետ կապված ռուսամետ, արևմտամետ, ամերիկամետ սխալ ձևակերպումներ կան, բայց շարժումը հայամետ է: Ձեր ցանկացած այդպիսի տպավորություն թյուր է, քանի որ սա մաքուր հայկական շարժում է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ բոլոր գործընկերների հետ պետք է զարգացնել հարաբերությունները, բայց դա չպետք է անել մեկը մյուսի հաշվին: «Որքան էլ Ձեր գնահատականն այլ լինի, որևէ ուղղությամբ պոտենցյալը ճշգրիտ և ամբողջովին չի օգտագործվել, և դա, ըստ էության, մենք կփորձենք անել»,-ասաց նա:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի պատասխանին՝ Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի ասածներից ևս մեկ մեջբերում ներկայացրեց, որում նշել էր, թե Ապրիլյան պատերազմն Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար էր: «Ես կարծում եմ, որ երբ որ ՀՀ երրորդ նախագահ ընտրված վարչապետը հրաժարական էր տալիս և իր հայտնի հայտարարության մեջ ասաց` Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի, այս բոլոր հարցերի պատասխանը կարելի էր փակել, որ այս դեպքում Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց, և չասել, որ իրավիճակ է փոխվել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա դեռ իր հրաժարակի տեքստը չէ:

Նույն շարքից