Ես որևէ վայրկյան չեմ կասկածում, որ քաղաքական հանգուցալուծման պարագայում մենք շատ արագ տեսնելու ենք շատ լուրջ արդյունքներ: Տնտեսության բնագավառում արագ և արդյունավետ փոփոխություններ են լինելու: Այս մասին այսօր «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը հարց բարձրացրեց, թե ժողովուրդը ե՞րբ է լավ ապրելու, ե՞րբ են ստեղծվելու նոր աշխատատեղեր, ե՞րբ են բացվելու նոր լուրջ արտադրություններ. «Շարժման յուրաքանչյուր օրը առնվազն երկու ամսով մեր տնտեսությունը հետ է շպրտել: Այս իրավիճակից դուրս գալու համար, թե ներդրումների հարցով, թե արտադրությունների կազմակերպելու հարցով դուք հնչեցրել եք, որ իշխանությունների կողմից սխալ քաղաքականություն է վարվում:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ փորձագիտական մակարդակով չի տիրապետում «Նաիրիտ» գործարանի խնդրին և չի կարող այդ հարցին ուղիղ պատասխանել:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե շարժման ամեն օրը երկու ամսով հետ է շպրտում տնտեսությունը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շարժման ամեն օրը նաև մեծ պոտենցիալ է կուտակել Հայաստանի տնտեսության էական և թռիչքաձև զարգացման համար:
«Եթե օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության պայմանները ապահովվեն, ինչը շարժման հիմնական գաղափարներից մեկն է, համոզված եմ, որ ՀՀ-ում լրջագույն ներդրումներ են արվելու, առաջին հերթին հենց հայկական շրջանակներից այդպիսի ազդակներ արդեն իսկ կան: Մեր ամեն բաց թողնված օրը և ամիսը շատ արագ կկոմպենսացվի, եթե իհարկե արագ կարողանանք հասնել հանգուցալուծման և անցնել արդեն բարձրացված օրակարգի կոնկրետ խնդիրների լուծմանը»,- ասաց Փաշինյանը:
Պատասխանի արձագանքի ժամանակ Մելիքյանը հայտարարեց, որ տնտեսության թռիչքների մասին մի քանի տարի առաջ էլ ենք լսել: Նրա կարծիքով՝ դա հեքիաթների ժանրից է. «Ես ավելի մեղմ արտահայտվեցի երկու ամսով հետ ընկնելը: Ես հասկացա, որ ժողովուրդն առաջիկա 7-8 տարիների ընթացքում լավ ապրելու մասին պետք է հույսեր չփայփայի»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Փաշինյանն ասաց. «ՀՀ-ում տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտն արդարության և օրենքի իշխանության բացակայությունն է: Սրանք այն անհրաժեշտ պայմաններն են, որոնք կապահովեն Հայաստանի կայուն զարգացումը»: