«Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և մի քանի այլ հարցերում Ձեր դիրքորոշումները փոփոխության են ենթարկվել: Սա հաշվի առնելով՝ ընդունում եք արդյո՞ք Դուք, որ Հայաստանի իշխանությունները դրսևորել են քաղական պետական գործչին վայել վարքագիծ և հաշվի են առել այդ իրողությունները»,-այսօր՝ ապրիլի 30-ին, Նիկոլ Փաշինյան-ՀՀԿ խմբակցություն հանդիպման ժամանակ, դիմելով Փաշինյանին, հարցրեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի մյուս հարցը վերաբերում էր քաղբանտարկյալներին: Տիկին Հովհաննիսյանը մասնավորապես ցանկացավ իմանալ, թե որոնք են այն մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է պարզեն, թե ովքեր են քաղբանտարկյալները:
ԱԺ փոխխոսնակ երրորդ հարցը վերաբերում էր, դրան, թե ովքեր են Փաշինյանի հետ պատասխանատվություն կրելու հաջողություններ և անհաջողություններ համար՝ հաշվի առնելով այն, որ վերջինիս իրենց աջակցությունն են հայտնել ԵԼՔ-ը, ՀՅԴ-ն և Ծառուկյան դաշինքը:
Առաջին հարցի մասով Փաշինյանն ասաց, որ խոսքը տեսակետի փոփոխության մասին չէ, որովհետև այն, թե ինչպես է ինքը քվեարկել այս կամ այն հարցին, այլևս փոփոխության ենթական չէ. «Ոչ թե տեսակետն է փոխվել, այլ փոխվել է այն գործնական խնդիրը, որը առաջդարված է լուծելու համար: Այդ գործնական խնդիրը կոնկրետ կարգավիճակում Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերի սպասարկումն է: Ես չեմ կարծում, թե Դուք կհայտարարեք, որ լինելով պետական պաշտոնյա, միշտ առաջնորդվել եք Ձեր անձնական տեսակետներով և անձնական ընկալումներով, քանի որ կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել: Ես չեմ ուզում մեկնաբանել նախկինում կայացված որոշումները, որոնց մասով տեսակետներ արտահայտել եմ, բայց կարող եմ ասել, որ վերջն մեկ ամսվա ընթացքում և իշխանության և ընդդիմության մեջ կան գործիչներ, ովքեր իրենց դրսևորել են որպես պետական գործիչներ և նաև դրա շնորհիվ է, որ մենք այսօր կարողացել ենք գործընթացները տանել այնպես, որ մտածում ենք, թե ինչպես այս հնարավորությունն օգտագործենք: Ես ընդունում եմ, որ իշխանության մեջ եղել են մարդիկ, ովքեր պետական գործչին վայել պահվածք են դրսևորել և նաև դրա շնորհիվ է, որ մենք ունենք այսօրվա իրողությունները»:
Երկրորդ հարցի մասով ընդդիմության առաջնորդն ասաց, որ որոշումների կայացման որոշակի գաղափարաբանություն պետք է օգտագործվի. «Մենք պետք է հստակ չափանիշներ ունենանք, գծենք այն անձանց և կազմակերպությունների շրջանակը, ովքեր կիրառելու են դրանք և փորձենք հարցին տան ինստիտուցիոնալ լուծում: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ քաղաքական ենթատեքս ունեցող գործերին պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում և այդ մոտեցման միակ նպատակը պետք է լինի հանրային համերաշխության վերականգնումը»:
Քաղաքական պատասխանատվության մասով Փաշինյանն ասաց, որ այսօր, ըստ էության ֆորսմաժորային իրավիճակում պետք է գնալ լուծումների, պետք է արձանագրել այն շրջանակը, որը նպաստում է այդ լուծումներին, պետք է հասկանալ այդ նպաստած շրջանակի մոտիվացիաները և փորձել ձևավորել թեկուզ այն ժամանակավոր հենարանը, որի հետի հետ համագործակցելով կառավորությունը տվյալ ժամանակահատվածում պետք է գործի. «Իսկ ընդհանուր առմամբ այս փուլի քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր համաժողովրդական շարժումը և անձամբ ես»:
Արձագանքելով պատասխանին՝ Հովհաննիսյան ասաց, որ իրոք այդպես է, ինքը շատ հաճախ անձնական մոտեցումներով չի առաջնորդվել. «Ես հիմա ուզում եմ հստակեցում լսել: Ձեր անձնական տեսակետը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մասով արդյո՞ք նույնն է: Քաղաքական բանտարկյալների մասով ինձ անչափ հետաքրքիր է կոնկերտ Սասնա ծռերի թեման: Մենք ունենք ՀԿ-ները, որոնք Սասնա ծռերին քաղբանտարկյալ են համարում, դրան զուգահետ ունենք միջազգային իրավական կազմակերպություններ, ըստ որոնց, մենք չունենք քաղբանտարկյալներ: Ուզում եմ հասկանալ, թե որն է Ձեր տեսլականը: Ամեն դեպքում, եթե ենթադրենք, թե որոշվեց, որ Սասնա ծռերը քաղբանտարկյալ են, նրանց ազատ արձակման գործընթացը ինչպես եք պատկերացնում»:
Փաշինյանը ԵԱՏՄ-ի մասով ասաց, որ ինքը դեմ է քվեարկել և դա այլևս փոփոխելի չէ. «Այդ քվեարկությունից հետո իրողություն է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: Ես որպես վարչապետի թեկնածու և վարչապետ ընտրվելու դեպքում, պարտավոր եմ այդ իրողության հետ հաշվի նստել: Ինչ վերաբերում քաղբանտարկյալներին, կասեմ հետևյալը՝ այն, ինչը պետք է տեղի ունենա, պետք է տեղի ունենա ՀՀ օրենսդրության խիստ պահպանմամբ: Այսինքն ՀՀ օրենսդրությունը մի քանի պրոցեդուրա է նախատեսում, թե ինչպես պետք է տեղի ունենա կալանքի տակ գտնվող մարդու ազատ արձակելը: Կդիտարկվեն գործիքները: իսկ ընդհանուր առմամբ պետք է կայացվեն ոչ թե նեղ թիմային որոշումներ, այլ պետք է հաշվի առնվեն քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների կարծիքները: Մեր գործողությունները պետք է ունենան նպատակ՝ հանրային համերաշխության հաստատումը: Եթե պետք կլինի գնալ քաղաքական որոշումների, որոնց նպատակը կլինի հանրային համերաշխություն հաստատելը, կգնանք, սակայն պետք է լինեն երաշխքիներ, որ դրանք իրոք լուծումներ են և չեն բերի նոր խնդիրներ»: