«Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հետ հանդիպմանն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգտվեց արտահերթ հարց տալու իր իրավունքից և Նիկոլ Փաշինյանին խնդրեց պատասխանել հստակ՝ այո, կամ ոչ:
Ա. Բաբլոյան - Այս օրերին Դուք ունեի՞ք հավաքներ կազմակերպելու ազատ հնարավորություն:
Ն. Փաշինյան – Այո։
Ա. Բաբլոյան - Այս օրերին ունեի՞ք խոսքի ազատությո՞ւն:
Ն. Փաշինյան - Ինչպես այս օրերին, այնպես էլ իմ ամբողջ կյանքում, ունեցել եմ խոսքի ազատություն:
Ա. Բաբլոյան - Այս օրերին ժողովուրդը ունե՞ր իր կամքը արտահայտելու ազատ իրավունք:
Ն. Փաշինյան - Ժողովուրդը միշտ ունի իր կամքը ազատ արտահայտելու իրավունք:
Ա. Բաբլոյան - Դուք գտնում եք, որ այս ամենը ժողովրդավարության դրսևորո՞ւմ է:
Ն. Փաշինյան - Այո, աներկբա:
Ա. Բաբլոյան - Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունը առաջացել է 2008 թվականից հետո։
Ն. Փաշինյան - Ոչ: Արցախ և Էրեբունի խաչմերուկից Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ խումբն ինձ առևանգել և տարել է անհայտ ուղղությամբ, այդ հարցերը ինչո՞ւ եք տալիս: ՀՀ քաղաքացին վեր է կացել և նվաճել է իր ազատությունը, եթե դուք ակնկալում եք, որ որևէ մեկին պետք է դրա համար շնորհակալություն հայտնենք, մենք քաղաքավարությունից ելնելով էլի կարող ենք շնորհակալություն հայտնել, բայց դա ՀՀ ժողովրդի, քաղաքացիների ձեռքբերումն է, հնարավորությունն է, որը նրանք ստեղծել են սեփական ձեռքերով։
Արա Բաբլոյանը նշեց, որ ամեն դեպքում ժողովուրդը կգնահատի Նիկոլ Փաշինյանի պատասխանը և իր տված հարցերը: «Այսինքն՝ մենք կարող ենք ժողովրդավարական ազատությունների ապահովման առումով դրական տեղաշարժ ապահովել»,-ասաց նա և Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ հույս ունի, որ միասին կանեն:
«Մենք հենց այդ հնարավորության մասին ենք խոսում, մենք ունենք դրական տեղաշարժ և ուզում եմ ՀՀ ժողովրդին, բոլորի քաղաքացիներին, բոլորին շնորհակալություն հայտնել այսօրվա իրավիճակի համար: Բայց հիմա հավաքների ազատության իրավունքը եթե իսկապես գոյություն ունի, ինձ թողեք, գնանք ազատ հավաքը անցկացնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: