ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հետաքրքրված է՝ արդյո՞ք իշխանությունների դեմ պայքարի շարժում սկսելով՝ Նիկոլ Փաշինյանը մտածում էր վարչապետ դառնալու մասին։
«Այս պատասխանը ինձ համար շատ կարևոր է, որ մեկ-երկու տարի հետո մենք, եթե ընդդիմություն դառնանք, ընթերցենք ձեր հայտարարությունը ճիշտ այնպես, ինչպես Դուք ընթերցում էիք Սերժ Սարգսյանի հայտարարությունը»,- ՀՀԿ խմբակցությունում Փաշինյանի հետ հանդիպմանն ասաց Մարգարիտ Եսայանը:
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը որևէ մեկին ոչինչ չի եկել խնդրելու:
«Ինչ վերաբերում է ագրեսիվության գործողություններին, ապա ասեմ, որ մեր շարժումը եղել է ոչ բռնի, այն անվանում են սիրո, հանդուրժողականության հեղափոխություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով այն մասին՝ ցանկացե՞լ է արդյոք դառնալ վարչապետ, թե ոչ՝ պատգամավորը նշեց. «Շարժումը սկսելուց ինձ հաշիվ եմ տվել, որ կրում եմ որոշակի պատասխանատվություն և պատրաստ եմ եղել կրել պատասխանատվություն՝ անկախ նրանից՝ կլինի դա քրեակա՞ն պատասխանատվություն, վարչապետի պաշտոնը ստանձնելո՞ւ, թե մեկ այլ՝ երրորդ պատասխանատվություն»:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ ասելով. «Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեք, բայց եթե իմ գործողություններում ոչ ջենտլմենական որևէ նրբերանգ է եղել, դրա համար ցավում եմ, բայց գլխի չեմ ընկնում՝ ինչի մասին եք խոսում»: