ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ իշխող «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը հարցեր ուղղեց նրան: Պատգամավորը նկատեց, որ ամիսներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությանը և հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս ընթացքում կարծիքը փոխվել է:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Քննարկումների ընթացքում եղել են բազմաթիվ առաջարկներ, թե ինչպես պետք է շարունակել բարեփոխումները բանակում և Զինված ուժերում: Կային գաղափարներ, և կշարունակենք այդ գաղափարները քննարկել, վերլուծել ու այդ գաղափարների ռացիոնալ հատվածին լուծումներ տալ: Էլի եմ ասում՝ իրողությունների հետ պետք է հաշվի նստել, բոլոր ոլորտներում մենք ցնցումային ճանապարհով փոփոխություններ չենք կարող անել, գնալու ենք կառուցողական փոփոխությունների ճանապարհով: Պետք է այնպես գործենք, որ հոնքը սարքելու տեղն աչքը չհանենք: Կան իրողություններ, որոնք պետք է փոխվեն ու կփոխվեն: Փոփոխությունները դրական լինելու համար անհրաժեշտ է, որ դրանք լինեն նախապատրաստված, մտածված ու պլանավորված, քանի որ փորձը ցույց է տվել, որ ինչքան հապճեպ են փոփոխությունները, այդքան բերում են հարակից խնդիրներ»:
Վերջինիս պատասխանը չգոհացրեց Միհրան Հակոբյանին, ավելին՝ նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ։ «Երբ ՀՀ 3-րդ նախագահն ասում է, որ պետք է իրողությունների հետ հաշվի նստել, Դուք ասում էիք՝ ստախոս է: Հիմա Ձեր՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի մասին հայտարարությունները ո՞նց եք որակում, նույն կերպ չի՞ ստացվում»,- ասաց Հակոբյանը:
Փաշինյանն էլ հակադարձեց և շեշտեց՝ կան քննադատություններ, որոնց հետ պետական ու քաղաքական գործիչները պետք է հաշվի նստեն: