Հանրապետության հրապարակում մեկնարկած «Իմ քայլը» շարժման հերթական հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ շարժման ակտիվիստ Արմեն Գրիգորյանը:
Նա խոսեց Հայաստանի ապագա կառավարման մի քանի սկզբունքների մասին: «Նախ ամենակարևորներից մեկը` Հայաստանի ապագա կառավարման հիմքում ամենահիմնարար սկզբունքներից մեկը պետք է լինի ազատությունը: Իշխանությունը պետք է պաշտպանի քաղաքացիների հիմնարար իրավունքները»,- ասաց նա:
«Մենք հավատում ենք հայ ժողովրդի հավաքական իմաստությանը, և այդ հավաքական իմաստությունը ամբողջացնելու համար մենք կգնանք ապակենտրոն կառավարման: Մենք համոզված ենք, որ ապագա զարգացած, հզոր Հայաստանի հիմքը հենց ազատ, արդար ընտրություններն են, և դա ժողովրդի իշխանության հաստատման ամենահիմնարար սկզբունքն է: Այդ իսկ պատճառով մենք այս փուլում մեզ համար ամենագլխավոր թիրախ ենք համարում մոտ ապագայում Հայաստանում անցկացնել ազատ և արդար ընտրություններ: Կարծում եմ, որ համաշխարհային փորձը, ինչպես նաև մեր ունեցած գիտելիքները ցույց են տալիս, որ լավագույն գործիքն անցումային արդարադատություն ապահովելն է: Նախկինում բոլոր տուժածներն այդ կառավարման համակարգից պետք է արդար փոխհատուցում ստանան, դա կարող է ժամանակ խլել, բայց մենք համոզված ենք, որ անցումային արդարադատությունը հենց ամենակարևոր գործիքներից է, որով մենք կկարողանանք վերականգնել վստահությունը կառավարման համակարգի հանդեպ»,-ասաց նա: