«Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն: Կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի և դրա իրացման միջազգային ճանաչումը»,-այսօր՝ մայիսի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի միակ թեկնածու, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին:
Փաշինյանի խոսքերով, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով իրենք հանձնառու են բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը. «Նոր լիցք պետք է հաղորդել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, որն աշխարհասփյուռ հայության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը պետք է դառնա»: