Հայաստան Քաղաքական 

Հաշվի առնելով Ձեր հարյուրավոր հայտարարությունները՝ ինչո՞ւ հիմա պետք է հավատանք Ձեզ. Բաբուխանյանը՝ Փաշինյանին

«Մենք և Դուք ունենք գաղափարական տարաձայնություններ, մենք ազգային պահպանողական գաղափարախոսության հետևորդներ ենք, Դուք՝ լիբերալ: Երբ ասում եք, որ որևէ ՀՀԿ-ական չպետք է առաջադրվի վարչապետի պաշտոնում, արդյո՞ք դա նշանակում է, որ ըստ Ձեզ, երկիրը պետք է առաջնորդվի միայն լիբերալ գաղափարներով»,-այսօր՝ մայիսի 1-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, հարցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Բաբուխանյանի  երկրորդ հարցը վերաբերում էր ազգային արժեքային համակարգին. «Ժամանակին Դուք ասել եք, թե չեք հասկանում, թե ինչ է նշանակում ազգային արժեքային համակարգը: Ազգային գաղափարախոսությունը ենթադրում է պայքար տոտալիտար աղանդների դեմ, պայքար սեռական փոքրամասնությունների արտոնություների դեմ, վուլգար ֆեմինիզմի և ապազգային այլ գաղափարախոսությունների դեմ, իսկ եվրոպական լիբերալ գաղափարախոսությունը՝ հանդուրժողականությունն է այս հարցերի մասով: Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը»:

Բաբուխանյանի երրորդ հարցը վերաբերում էր Փաշինյանին արտասահմանից պաշտպանողներին: Բաբուխանյանը մասնավորապես ասաց, որ այդ մարդկանց թվում են ծայրահեղականներ Սաակաշվիլին, Նավալնին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Միտչելը. «Եթե դրան գումարենք ձեր հարյուրավոր հակառուսական հայտարությունները և նախընտրական ծրագրում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին դրույթը, ինչո՞ւ պետք է հավատանք, որ ձեր դիրքորոշումը ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի մասով փոխվել է»:
Առաջին հարցի մասով Փաշինյանն ասաց, որ ինքն իրեն լիբերալ չի համարում և բազմիցս ասել է, որ ժամանակակից աշխարհում «իզմ»-երը կորցրել են իրենց նշանակությունը: Փաշինյանի խոսքերով, «իզմ»-երով պայմնավորված սահմանազատումները վերանում են. «Որպես չեզոք օրինակ կարող ենք խոսել կոմունիզմի և մասնավոր սեփականության անհամատեղելիության մասին, որն այսօր փոխվել է: Դա մենք տեսնում ենք հանձինս Չինաստանի: Հիմա մի դարաշրջանում, երբ ամենակարևոր խնդիրը մարդու երջանկությունն ապահովելն է, կարևորը մարդկանց ազատությունն ապահովելն է, ոչ թե «իզմ»-երը»,- ասաց Փաշինյանը:

Նախընտրական ծրագրի մասով էլ, Փաշինյանն ասաց, որ հարցի վերաբերյալ գնահատական է տրվել և իրենք դեմ են քվեարկել: Այս հարցով Փաշինյանը կրկին խոսեց այն մասին, որ որպես իշխանություն և որպես ընդդիմություն այլ կերպ է ընկալվում իրողությունը: Փաշինյանի խոսքերով, հիմա ինքը հարյուր հազարավոր մարդկանց է ներկայացնում, դրա համար հաճախ ետ է կանգնում իր անձնական դիրքորոշումից:
Բաբուխանյանի ճշտող հարցին, թե ինչ գաղափարախոսության հետևորդ է Փաշինյանը, վերջինս ասաց, որ հիմա այդ սահմաններն այնքան են խառնված, որ շատ հաճախ անհնար է սահմանազատում անել:

 

Նույն շարքից