Ազգային ժողովը շարունակում է քննարկել վարչապետի ընտրության հարցը: Դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ցանկացավ տեղեկանալ, թե ինչ դիրքորոշում ունի Փաշինյանը հայ-վրացական հարաբերությունների հետ կապված: «Վրաստանում կա մեծաքանակ հայկական բնակչություն: Խնդրում եմ ներկայացրեք Ձեր տեսլականը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Նաև մի քանի դիտարկում անեմ՝ Միխաել Սաակաշվիլիի կառավարման տարիներին հայ-վրացական հարաբերությունները ֆորմալ բնույթ են կրել, նա ավելի շատ խորացրեց ոչ հայանպաստ դիրքորոշումը, քանի որ աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված հարաբերություններ էր զարգացնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ : Ներկայացրեք Ձեր տեսլականը հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման մասով»,- եզրափակեց Թորոսյանը:
Փաշինյանն ասաց, որ համաձայն է Թորոսյանի հետ. «Ընդհանրապես պետք է մաքսիմալն անել հայ-վրացական հարաբերություններն աշխարհաքաղաքական ազդեցություններից զերծ պահելու համար: Շատ դեպքերում լարվածություններ առաջացել են, որովհետև հարցերը դիտարկվել են ոչ թե հայ-վրացական հարաբերությունների տրամաբանության մեջ, այլ աշխարհի տարբեր ազդեցություններից ելնելով: Չեն կարող հայ-վրացական հարաբերությունները կառուցվել ոչ հայ-վրացական հարաբերությունների տրամաբանության մեջ»:
Թորոսյանն արձագանքեց՝ ցանկանալով տեղեկանալ նաև Ջավախքի վերաբերյալ Փաշինյանի ունեցած մոտեցումներին:
Փաշինյանն ասաց, որ դա չափազանց կարևոր խնդիր է. «ՀՀ-ն և Վրաստանը դրացիական հանրապետություններ են և իրար նկատմամբ չունեն և չպետք է ունենան նկրտումներ, պետք է միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը դառնա այն անկյունաքարը, որի վրա հետագայում ավելի կզարգանան հայ-վրացական հարաբերությունները: Մենք չպետք է վախենան նրանից, որ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, դրանից չպետք է վախենալ»: