Հայաստան Քաղաքական Բարի օր 

Ո՞ր դեպքում Փաշինյանն Արցախի հարցում կգնա փոխզիջումների. Արման Սաղաթելյանի հարցը

«Ինձ զարմացնում են մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե ուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ: Ես չեմ գտնում տեսակետը, որ լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին: Մերը  թողած՝ ուզում ենք տերը լինել ուրիշին»:

Այսօր՝ մայիսի 1-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դիմելով միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին,  հիշեցրեց վերջինիս  իր նախկինում ունեցած տեսակետը  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ ցանկանալով իմանալ՝ արդյո՞ք այսօր Փաշինյանը նույն կարծիքին է:

Նշենք, որ Սաղաթելյանը մեջբերում կատարեց մի  հոդվածից, որը , ըստ շրջանառվող տեղեկությունների,  հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ 2000-ականների սկզբին: Փաշինյանն ասաց, որ վերոնշյալ մեջբերումն արդեն 5 տարի շրջանառության մեջ է դրված սոցցանցերում. «Նշված է, որ ես դա գրել եմ Հայկական ժամանակի կոնկրետ օրը գրված հոդվածում: Այս ընթացքում ես 15 անգամ այդ օրը ՀԺ-ում տպագրված իմ հոդվածի լուսապատճենը հրապարակել եմ, որտեղ Ձեր ասած նախադասությունները գոյություն չունեն: Ես ցավում եմ, որ Դուք, սա իմանալով, սոցցանցերում ակտիվ լիելով, իմ 15-20 անգամվա հերքումները չեք նկատել և հիմա եկել եք ԱԺ նիստում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ: Թույլ տվեք եզրակացնել, եթե այդպես է,  Դուք և Ձեր թիմը կարող է որոշակի կապ ունենալ այդ դեզինֆորմացիայի տարածման հետ: Ես Ձեզ կոչ եմ անում դադարեցնել դեզինֆորմացիայի տարածումը: Հատուկ ուզում եմ նաև ասել, որ  ՀՀԿ որոշ շրջանակներ ԼՂ-ի  հետ կապված որոշ հայտարարություններ վերագրում են ինձ, հատուկ ալգորիթմներով տարածում են ԼՂ օգտատերերի շրջանակներում, և դա արվում է ներազգային զարթոնքը կասեցնելու և թշնամանք տարածելու համար»:

Ապա Փաշինյանը հավելեց,  որ 2016 թվականին ՔՊ-ից ջոկատ է հավաքել, մեկնել է սահման, քնել է վրաններում, փորել խրամատներ և ավտոմատով պաշտպանել ՀՀ-ի և ԱՀ-ի անվտանգտությունը: Սաղաթելյանն իր հերթին ասաց, որ դեռ ժամանակ կլինի հետո մասնագիտական քննարկումներ ունենալ այս օրերին շրջանառվող դեզինֆորմացիայի, քարոզչության, հակաքարոզչության և այլ մանիպուլատիվ տեխնոլոգիաների կիրառման շուրջ:

«Իմ հարցը որևէ ենթատեքստ չուներ: Ինձ  համար հասկանալի չէ, թե ինչ նկատի ունեք Դուք փոխզիջում ասելով և ինչ եք հասկանում դրա տակ, եթե մտադիր եք երկիրը ներկայացնել բանակցային պրոցեսում: Փաշինյանն ասաց, որ այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, տարօրինակ է փոխզիջման մասին խոսելը: Այս պարագայում կարող ենք խոսել սեփական երկրի պաշտպանունակության մասին, իսկ փոխզիջում կլինի, եթե Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- արձագանքեց Փաշինյանը:

Տեսանյութը՝ 1in.am-ի:

Նույն շարքից