Խորհրդարանում շարունակվում է վարչապետի ընտրության հարցի քննարկումը: Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարյուն Նահապետյանը, դիմելով վարչապետի թեկնածուին, ցանկացավ իմանալ, թե ինչպես կվարվի վերջինս, երկու կոնկրետ իրավիճակում: Իրավիճակ համար մեկ՝ ՀՀ-ին անմիջական վտանգի սպառնալիք կա և կառավարությունը հնարավորություն չունի որոշում կայացնելու Զինված ուժերի կիրառման մասով, իրավիճակ համար երկու՝ ինչպիսի իրավական հնարավորություն է տեսնում վարչապետի թեկնածուն ԶՈւ-ի կողմից ռազմական դիմակայման շրջանակներում ԶՈւ առանձին ստորաբաժանումների օգտագործման մասին:
«Մենք արդեն 2 ժամից ավելի քննարկում ենք, որ պետության մեջ որոշումները պետք է ունենա ինստիտուցիանալ բնույթ: Ես հիմա ռազմագիտության 9-րդ դասարանի քննություն չեմ հանձնում, Դուք էլ ռազմագիտության պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս: ՀՀ-ում կան ինստիտուտներ, կա Գլխավոր շտաբ, Պաշտպանության նախարարություն, իսկ գլխավոր գերագույն հրամանատար վարչապետը որոշումներ կայացնում է համապատասխան ինստիտուտների կարծիք լսելուց հետո: Ասելով, որ պատրաստ եմ կատարել ՀՀ վարչապետի պաշտոնը՝ ես նկատի չունեմ, որ ես ՀՀ-ի ամենաուժեղ էներգետիկն եմ, ամենաուժեղ տրանսպորտնիկն եմ, կամ ամենաուժեղ հրետանավորը, կամ ամենաուժեղ բժիշկն եմ: ՀՀ վարչապետի կարգավիճակը քաղաքական կարգավիճակը է առաջին հերթին: Պաշտոնը ստանձնելուց հետո ես ինձ մոտ կհրավիրեմ համապատասխան պաշտոնյաներին, կլսեմ նրանց զեկույցը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, հաստատված պլանների մասին տեղեկություն կստանամ, կլսեմ նրանց կարծիքը և այդ ամենը վերլուծելուց հետո կկայացնեմ անհրաժեշտ որոշումներ»,-հայտարարեց Փաշինյանը: