Հայաստան Քաղաքական գլխավոր 

Եղբորիցս հետո նման բան չի եղել. Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Երևի բոլորդ գիտեք, որ Արմեն Աշոտյանից և Արտաշես Գեղամյանից, ում հետ 2004 թվականի ապրիլի 12 եմ անցել, ով երևանցի տղու նման կռիվ է արել ոստիկանի հետ ու չի փախել, վերջացրած իմ ախպեր Արտակ Զեյնալյանով և Սասուն Միքայելյանով, բոլորի աչքերի մեջ անկեղծ եմ նայել, որևէ մեկին չեմ ստել, ում մասին ինչ մտածել եմ, ուղիղ եմ ասել, ներառյալ՝ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանի»,-այսօր՝ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Սարգսյկանի խոսքերով, ԱԺ-ում խոսվում է ամեն ինչի մասին, բայց չի խոսվում այսօրվա իրավիճակի մասին. «Մենք չենք փորձում գտնել ելքեր: Ուզում ենք ելք գտնել դահլիճում, բայց մոռանում ենք, որ ելք կա նաև փողոցում, որ հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են փողոցում: 15 տարի է անցել 2003 թվականի ընտրություններից և ես նույն բանն եմ ասում՝ ընտրություններն են հիմնական խնդիր լուծողը: Այսօրվա իրավիճակը խախտված ընտրությունների արդյունք է»:

ԵԼՔ խմբակցության պատգամավորը նշեց, թե ընտրության ժամանակ է, որ մարդը տեսնում է ինքն է իշխանության տերը, ընտրության ժամանակ հաղթած և պարտված կողմերն ընդունում են, որ իրենք հաղթել են արդար ընտրությունների պարագայում և միայն այդ պարագայում է, որ քաղաքական միտքն է զարգանում: Աշխարհն ընդունում է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է. «Այս խնդրի  պետք է այսօր մտածենք ու լուծենք: Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ում անունն այսօր ամբողջ աշխարհի հայությունը տալիս է ամենաշատը, հետևաբար ինքն է այն երաշխիքը, որ կարող է արդար ընտրություն անցկացվի: Ինքն է հանել այդ ժողովրդին, մտածե՞լ եք այդ մասին: Եկեք ընդունեք, որ մեր երկրի ամենակարևոր խնդիրը, մեր անկախության խնդիրն է, եկեք ընդունենք, որ մենք լուրջ կախվածություն ունենք: Երբ լեգիտիմ իշխանություն կա, քեզ հարգում են, կարող ես քվեարկել ինչպես ուզում ես: Եթե այս ժողովուրդը մի անգամ էլ պարտվի, մենք էլի պետք է քաղաքականությամբ զբաղվե՞նք: Լուծումն արդեն մնալու է զենքի դաշտում, մարդիկ գնալու են այլ լուծումների: Անկեղծ եմ ասում, եղբորիցս հետո որևէ վարչապետի պատասխաններն այսքան հստակ, այդքան պատրաստված չեն եղել, շատ ապրես: Կոչ եմ անում ձեզ, խնդրում եմ ձեզ հանրապետականներ, որպես նախկին վարչապետ, որպես ձեր նախկին վարչապետի փոքր եղբայր, մտածեք այս երկրի մասին, մտածեք ձեր քվեարկության կոճակը սեղմելիս»:

Նույն շարքից