Քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայից վաղ առավոտյան մեկնարկած ակցիաներին միացավ նաև շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը իր գոհունակությունը հայտնեց պայքարի տեմպերից՝ նշելով, որ Հայաստանում իրավիճակը փոխվում է ամեն օր, իսկ շուտով կփոխվի ամեն ժամ:
Փաշինյանը հիշեցրեց, որ անհնազանդության ակցիաները խաղաղ են՝ նշելով, որ պետք է չեզոքացնել սադրիչներին. «Եթե կլինեն սադրիչներ, առանց բռնությունների վնասազերծում ենք: Ոտքերը, ձեռքերը բռնում ենք, ծալում ենք, հանգիստ պառկացնում ենք գետնին ու մի քանի հոգով նստում վրան: Սա է մեր գործողությունը: Որևէ բռնության բռնությամբ չենք պատասխանելու»:
Դիմելով ակցիաների մասնակիցներին՝ ընդդիմության առջնորդը կոչ արեց չխոչընդոտել շտապօգնության, ԱԻՆ և ՊՆ մեքենաների շարժին, պետք չէ փակել Արցախին մատակարարող ճանապարհները և խանգարել բանակի հետ կապված մեքենաների տեղաշարժին:
Հիշեցնենք, որ այսօրվանից Հայաստանում բողոքի ակցիաները վերսկսվել են: