Հասարակություն 

Ուրախ էի հանդիպել Երևանի ձեռքբերումներով անկեղծորեն ուրախացող մեր համաքաղաքացիներին. Տարոն Մարգարյան

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր    facebook-յան  էջում գրում է:

 Այսօր աշխատանքային այցով Արաբկիր վարչական շրջանում էի, որտեղ մեր համաքաղաքացիների հետ շփվելու և նրանց խնդիրները լսելու հնարավորություն ունեցա: Երևանի զարգացման 2014թ. ծրագրերի շրջանակում արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման, նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքները, և այսօր մեր բնակիչների տնօրինմանը հանձնեցինք ամբողջովին վերակառուցված Հայաստանի Ամերիկյան համալսարանին հարակից այգին: Ապա Գյուլբենկյան փողոցում գտնվող պուրակում հանդիսավորությամբ բացեցինք քանդակագործ Գարեգին Դավթյանի հեղինակած բարերար Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին:


Շրջայցի շրջանակում Սունդուկյան 23 և Վրացական 6 հասցեի բնակիչների հետ էլ մասնակցեցի բարեկարգված բակերի բացման արարողությանը: Ապա այցելեցի Սունդուկյան 90 հասցեին հարակից այգին, որտեղ երբ նոր էինք սկսում աշխատանքները, ինչ-ինչ նպատակներից ելնելով ոմանք սուտ լուրեր էին տարածել բնակիչների շրջանում՝ իբր այս տարածքներում շենքեր են կառուցվելու: Ժամանակը ցույց տվեց բոլոր նրանց խոսքի արժեքը, ովքեր, չակերտավոր սրտացավություն ցուցաբերելով, փորձում էին խոչընդոտել ծրագրի իրականացմանը: Մենք շարունակելու ենք մեր որդեգրած քաղաքականությունն այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում այլևս անբարեկարգ բակ չմնա: 




Այսօր բացեցինք նաև Արաբկիրի նորաստեղծ շախմատի դպրոցը: Մենք Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ նախաձեռնեցինք վարչական շրջաններում շախմատի դպրոցների հիմնադրման ծրագիրը, որի շրջանակում օրեր առաջ էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շախմատի դպրոցը ևս արդեն շահագործման հանձնվեց, իսկ առաջիկայում շախմատասեր մեր փոքրիկներին կհանձնենք նաև Էրեբունի, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում կառուցված դպրոցները: Ըստ էության, առայժմ մայրաքաղաքի 4 վարչական շրջաններում դեռևս չունենք շախմատի դպրոցներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ կնախաձեռնենք արդեն հաջորդ տարի: Շնորհակալություն եմ հայտնում մեր համաքաղաքացիներին շախմատի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար, և ուրախ եմ նկատել, որ շախմատի դպրոցների անվճար գործելու հանգամանքը մայրաքաղաքում զգալիորեն ավելացրել է շախմատասեր մանուկների և պատանիների թիվը:

 

Ամփոփելով նշեմ, որ ևս մեկ հագեցած օր ունեցա։ Ուրախ էի հանդիպել Երևանի ձեռքբերումներով անկեղծորեն ուրախացող մեր համաքաղաքացիներին։

Նույն շարքից