Հասարակություն 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց

analitik.am

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց, որը քաղաքապետարանի այս տարվա բարեկարգման ծրագրերի շրջանակում ամբողջությամբ հիմնանորոգվել է: Արդյունքում շուրջ 500 սաների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Հարկ է նշել, որ դեռևս 2012 թվականին հիմնովին լուծվել էր նաև երաժշտական դպրոցի ջեռուցման խնդիրը: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին կրթամշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար՝ երաժշտական դպրոցի տնօրենն ընդգծել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների կողմից: Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր երաժշտական դպրոցներում.



 «Վերջին տարիներին, ինչպես գիտեք, քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերում ավելի ու ավելի շատ տեղ է հատկացվում մայրաքաղաքի կրթամշակութային հաստատություններին, և ամեն տարի ավելի շատ թվով նման հաստատություններ են նորոգվում կամ հիմնանորոգվում: Ջեռուցման խնդիրն արդեն լուծված է, և այժմ մենք հնարավորություն ունենք գումարներն ուղղել այդ հաստատությունների նորոգմանն ու հիմնանորոգմանը: Այս տարի մենք նորոգեցինք 11 երաժշտական, 3 արվեստի դպրոցներ, 12 գրադարան: Նորոգված դպրոցներց է նաև երաժշտական այս դպրոցը, որտեղ, ըստ էության, հիմնանորոգում է կատարվել. փոխվել են դռներն ու պատուհանները, նորոգվել է մանրահատակը: Նորոգվել է նաև ճակատային հատվածը, որը, ինչպես տեսաք, նաև թեքահարթակով է կահավորվել: Մեր երեխաներն արդեն հնարավորություն ունեն իրենց պարապունքներն անցկացնել, տաք, մաքուր ու հարմարավետ դասարաններում, և ես համոզված եմ, որ այս աշխատանքներից հետո դպրոց հաճախող երեխաների թիվն էլ ավելի կշատանա: Վստահեցնում եմ, որ մայրաքաղաքի մշակութային հաստատությունների նորոգման մեր ծրագրերը լինելու են շարունակական, և արդեն հաջորդ տարի մենք հիմնականում կլուծենք այս խնդիրը՝ միջոցներն այդուհետ հիմնականում ուղղելով գույքի թարմացմանն ու երաժշտական նոր գործիքների ձեռքբերմանը»:

 

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է նաև հ. 92 մանկապարտեզ: Տարոն Մարգարյանին ներկայացնելով նախակրթարանում իրականացված աշխատանքների մանրամասները՝ տնօրենը նշել է, որ ծրագրի շրջանակում հիմնանորոգվել են մանկապարտեզի խմբասենյակները, ինչպես նաև շուրջ 1200 քմ բակային տարածքը: Հարկ է նկատել, որ մանկապարտեզը հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներով երեխաներին։ Հիմնանորոգված խմբասենյակներից երեքը նախատեսված են հենց այդ երեխաների համար: Բացի այդ, մանկապարտեզում կան նաև վերականգնողական թերապիայի համար հատկացված սենյակներ: Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ քաղաքապետն ընդգծել է, որ մանկապարտեզներում ջեռուցման խնդիրը հիմնովին լուծելուց հետո քաղաքապետարանն այսօր հստակ ծրագրեր է իրականացնում նաև նախակրթարանների հիմնանորոգման ու նոր գույքով ապահովելու ուղղությամբ: Օգտվելով առիթից՝ մանկապարտեզի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես նախակրթարանների անվճար գործելու որոշումն իսկապես սոցիալական կարևոր նշանակություն ուներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից