Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանն այն մասին, թե ինչ է անելու, եթե ՀՀԿ-ն այս անգամ էլ դեմ քվեարկի

analitik.am

Այսօր՝ մայիսի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԱՄՆ դեսպանի հետ կայացած հանդիպման մասին, ասաց, որ դա պլանավորած հանդիպում էր, իսկ այսօր հանդիպումներ է ունենալ նաև ՌԴ դեսպանի, ԵՄ դեսպանի հետ, անպայման փորձ կարվի հանդիպել Իրանի դեսպանի և Վրաստանի դեսպանի հետ:

Փաշինյանի խոսքերով քննարկման թեման ընթացիկ իրավիճակն է, արտառոց բան չկա:

Հարցին, թե ինչ է փոխվել ՀՀԿ-ում մի քանի ժամվա մեջ, որը ստիպել է փոխել դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի վարչապետության մասով, Փաշինյանը կարծիք հայտնեց, որ բոլորն են շահագրգիռ, որ քաղաքական ստեղծված իրավիճակը հանգուցալուծում ստանա՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում. «Ես ուրախ եմ, որ այդ ըմբռնումը կոնկրետ արտահայտություն պետք է ստանա»:

Ընդդիմության առաջնորդն ասաց, որ պատրաստ են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը, ինչի մասին հայտնվել էր ավելի վաղ:

Վերադառնալով ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը՝ ԵԼՔ պատգամավորն ասաց, որ որևէ աշխարհաքաղաքական հարց չի քննարկվել. «Ես ուզում եմ կրկին ընդգծել, որ քաղաքական այս պրոցեսում աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա, և ՀՀ արտաքին քաղաքականությունը կլինի շարունակական»:
Հարցին, թե ինչ է լինելու, եթե ՀՀԿ-ն հանկարծ դեմ քվեարկի, Փաշինյանն ասաց, որ դրա համար կան սահմանադրական մեխանիզմներ, որոնք էլ կկիրառվեն. «Մենք հասկանում ենք, որ այս իրավիճակը վերջնակաապես լուծված չէ, քանի դեռ արտահերթ ընտրություններ տեղի չեն ունեցել»:

Տեսանյութ՝ 1in.am

Նույն շարքից