Սամվել Ալեքսանյանը որոշել է, մայիսի 8-ին քվեարկելու է ժողովրդի թեկնածուի օգտին: Այս մասին ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավորը հայտարարեց այսօր՝ մայիսի 4-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ. «Ժողովրդի թեկնածուն ով ա, ես իրա կողմից եմ, ի՞նչ եք ուզում»:
Այն հարցին, թե ով է ասել, որ պետք է կողմ քվեարկել Ալեքսանյանն ասաց . «Ինձ ոչ մի տեղից ոչ մի բան չեն ասել»:
Ամեն դեպքում հարկ է նշել, որ գործարար պատգամավորը Նիկոլ Փաշինյանի անունը չտվեց:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Երևան-սիթիի աշխատողներին աշխատավարձ չեն վճարում՝ կապված գործերը վատ լինելու հետ, Ալեքսանյանն ասաց, որ նման բան չկա, սուտ լուրեր են տարածվում, բոլոր ցանկացողները կարող են գնալ ու հարցնել:
Ալեքսանյանը նաև նշեց, որ երբեք չի արգելել աշխատակիցներին մասնակցել ցույցերին, ոչ էլ ասել են, որ պետք է մասնակցել, որոշումները կայացրել են հենց աշխատողները: