Էդմոն Մարուքյանը դեռ չգիտի, թե ԵԼՔ-ն ինչպես է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք տեղի ունենան:
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորը նշեց, որ այդ մասով դեռ քննարկումներ չեն եղել:
Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է՝ դեռ հայտնի չէ, թե ինքն ինչպես է մասնակցելու ընտրություններին՝ ԵԼՔ-ի կազմում, թե՝ ոչ:
Այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ ԵԼՔ-ում առկա տարաձայնությունները հարթվել են, Մարուքյանը նշեց, որ որոշ հարցեր են եղել, հիմա որևէ տարաձայնությու չկա:
ԵԼՔ խմբակցության պատգամավորի խոսքերով, թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել, բոլորը պետք է աջակցեն այդ հեղափոխության կապիտալիզացիային, դա պետք է անել հանուն փոփոխությունների:
Մարուքյանը խոսեց նաև Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը բոյկոտելու մասին՝ նշելով, որ Էմիլ Բաբայանի դեմ՝ որպես մասնագետի, որևէ խնդիր չկա, որոշումը կայացվել է ելնելով ներկա քաղաքական իրավիճակից:
Հիշեցնենք, որ Բաբայանի ընտրությունը բոյկոտեց նաև Ծառուկյան դաշինքը, ինչի արդյունքում վերջինս չընտրվեց ՍԴ անդամ: