Արդեն հայտնել ենք այն մասին, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան 11-րդ դպրոցում մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ պահանջում են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը: Տնօրենի հրաժարականը պահանջողները դա անում են, քանի որ վերջինս թույլ չի տվել աշակերտներին մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ակցիաներին: Բացի դրանից, նշում են, որ դպրոցում գումարներ են հավաքվում, որոնք նպատակին չեն ծառայում:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում դպրոցի գրադարանավարուհի Ռուզան Սաֆարյանը նաև հայտնել է, որ ինքն ամեն անգամ պրեմիա ստանալիս այն տարել և հանձնել է տնօրենին: Նա նշեց, որ կոնկրետ տնօրենին չի հանձնել. «Լավ աշխատանքի համար 5 տարի շարունակ պրեմիաներ եմ ստացել: Գումարը ստացել եմ՝ 40-70 հազար, բերել փոխանցել եմ իրեն (տնօրենին): Անձամբ իրեն չեմ հանձնել, չեմ ուզում ասել՝ ում միջոցով, չեմ ուզում մեր կոլեգաների անունները տալ: Հրամանն այդպես է եղել, որ բերենք հանձնենք նրան: Կարող ա «շան փայ» թողած լինի մեզ կամ՝ ոչ, մնացածը հանձնել ենք իրեն»:
Հարցին, թե ինչու մինչ այս չեն դիմել իրավապահներին, գրադարանավարուհին ասաց, որ վախեցել են, քանի որ լծակը տնօրենի ձեռքում է, ինքն է իշխանությունը եղել: