Ինչպես է Նիկոլ Փաշինյանը լուծելու կադրային խնդիրները, ինչպես պետք է վարվել ընտրությունների ժամանակ քարոզով զբաղված տնօրենների հետ, այս և այլ հարցերի մասին Analitik.am-ի թղթակիցը զրուցել է ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ.
-Պարոն Վարդանյան, թավշյա հեղափոխության առաջին փուլն արդեն մոտենում է իր ավարտին, թերևս մնում է կապիտալիզացնել այն: Հիմա խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի թիմը կառավարման փորձ չունի: Դա արդարացի՞ դիտարկում է:
-Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմում չկան մարդիկ, ովքեր աշխատել են պետական կառավարման համակարգում, բնական է, քանի որ նա և իր թիմակիցները իրենց քաղաքական գործունեության ընթացքում մշտապես գործել են ընդդիմադիր դաշտում: Բայց դա ես համարում եմ ոչ թե թերություն, այլ միայն ու միայն առավելություն, որովհետև այդ մարդիկ իրենց բնույթով համակարգից դուրս գտնվող մարդիկ են և պետական պաշտոններ ստանալով, նոր շունչ են բերելու և փոխելու են այս փտած պետական կառավարման համակարգը:
Իհարկե, պետական կառավարման համակարգում պետք է մնան պրոֆեսիոնալները, և Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ու նրանց համադրությունը նոր որակ կբերի այդ համակարգին:
-Դուք տեսնո՞ւմ եք Փաշինյանի թիմում մարդկանց, ովքեր կարող են իրենց լավ դրսևորել պետական ապարատում:
-Նիկոլ Փաշինյանի թիմում կան բազմաթիվ գրագետ, լավ պատրաստված կադրեր, ովքեր կարող են արդյունավետ աշխատել պետական ապարատում: Կարծում եմ, Փաշինյանը պետք է պետական կառավարման մեջ ներգրավի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես ժամանակին դա արեց Միխեիլ Սաակաշվիլին: Փաշինյանի թիմակիցների միակ թերությունն այն է, որ պետական կառավարման մեջ փորձի պակաս ունեն, բայց կարելի է այդ բացը լրացնել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք աշխատած պետական պաշտոնյաներին, ովքեր պրոֆեսիոնալներ են և կոռումպացված չեն, խորհրդականներ նշանակելով:
–Տեսեք, պարոն Փաշինյանը հայտարարել է, որ կադրային ջարդ չի լինելու: Եթե օրինակ նախարարները կամ վարչության պետերը լավ չեն աշխատել, հնարավոր է արդյո՞ք, որ վարչապետի փոփոխության արդյունքում նրանք սկսեն ավելի արդյունավետ աշխատել:
-Կարծում եմ՝ նախարարների մեծ մասը պետք է փոխվեն, քանի որ դրանք քաղաքական պաշտոններ են, իսկ ահա նախարարությունների վարչության պետերը, եթե իրենց գործի գիտակ են և ոչ կոռումպացված, պետք է մնան իրենց պաշտոններում: Համենայն դեպս, զանգվածային կադրային ջարդեր և կտրուկ փոփոխություններ պետք չի անել, քանի որ դրանից պետական կառավարման համակարգը կտուժի: Պետք է համակարգը արդիականացվի և փուլ առ փուլ ավելի կատարելագործվի:
-Պարոն Վարդանյան, այսօր Երևանի թիվ 11 դպրոցում պահանջում են տնօրենից հեռանալ: Սա թերևս օղակներից մեկն է, որ ընտրությունների ժամանակ պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում: Բավական է հիշել վերջին ընտրությունները: Ինչպե՞ս պետք է աշխատել այդ տնօրենների հետ, և ի՞նչ եք կարծում՝ հնարավոր է արդյո՞ք, որ այդ դպրոցում սկսվածը շղթայական շարունակություն ունենա:
-Ես այն կարծիքին եմ, որ ընտրություններ կեղծած, ընտրակաշառքներ բաժանած և նախկին իշխանության համար ապօրինի ճանապարհով ձայներ հավաքած դպրոցների տնօրենները պետք է հեռացվեն աշխատանքից և նրանցից շատերը նաև պատժվեն օրենքով, եթե առկա են նրանց հանցագործությունները փաստող նյութեր:
Պետք է կրթական օջախները մաքրել նման կարգի վարկաբեկված տնօրեններից, ռեկտորներից, դասախոսներից, ուսուցիչներից և այլն: Նոր Հայաստանում այդպիսի մարդիկ չեն կարող աշխատել պետական հատվածում:
Այսօր թիվ 11 դպրոցի տնօրենի մասին այնքան բաներ պատմեցին այդ դպրոցի դասատուները և ծնողները, որ այժմ ավելի քան անկհայտ է, որ նման մարդիկ չպետք է տեղ աշխատեն մեր կրթական օջախներում, չպետք է զբաղվեն մեր երեխաների դաստիարակությամբ: Թող գնան մասնավոր տեղերը աշխատեն, եթե իհարկե նրանց կընդունեն աշխատանքի: