Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին քիչ առաջ դպրոցում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
Քաղաքապետարանի աշխատակիցը նշեց, թե ցավում է, որ դպրոցի ուսուցչական և աշակերտական անձնակազմը չի ցանկանում աշխատել տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հետ՝ հավելելով, որ ծանոթ է դժգոհություններին և միշտ արձագանքել է այն դժգոհություններին, որոնք բարձրացվել են:
Ստեփանյանը հիշեցրեց 2 ամիս առաջ բարձրացված բողոքի ձայնի մասին, երբ ծնողներից մեկը բողոքել էր, որ երեխաներին ստիպել են Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկներ կրել: Տիկին Ստեփանյանը հիշեցրեց, որ այդ բողոքից հետո իրենք դպրոց են եկել, սակայն որևէ մեկը չի խոսել այդ մասին, որևէ մեկը չի դժգոհել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը համաձայն է, որ ուսուցիչների և աշակերտների կողմից չսիրված տնօրենը չպետք է աշխատի, սակայն չի հասկանում, թե ինչու է անձնակազմը լռել այս տարիների ընթացքում, եթե հանցագործություն է կատարվել, արդյո՞ք դա չի նշանակում, որ հենց այդ անձնակազմն էլ է հանցագործ:
Դրան արձագանքեց ուսուցիչներից մեկը, ում խոսքերով, բողոքի ձայն միշտ էլ բարձրացվել է, ուղղակի միշտ ծածկադմփոց է կատարվել:
Տիկին Ստեփանյանը վերջում կոչ արեց անել այնպես, որ մայիսի 7-ից դպրոցում նորմալ դասապրոցեսը վերականգնվի: