Բոլոր ստորագրությունները հավաքված են, վաղը խորհրդարանը կգումարի հատուկ նիստ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ: Այսօր՝ մայիսի 7-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ սրանով Հայաստանում փոփոխությունների նոր սկիզբ է դրվելու:
«Իշխանության ղեկն, ըստ էության, փոխանցվում է ընդդիմությանը, և երկրում գործադիր իմաստով տեղի է ունենում իշխանափոխություն: Պետք է ամեն ինչ անենք երկրում տեղի ունեցածը կապիտալիզացնելու համար: Մարդկանց հույսերը պետք է արդարացնել, այդ մտքին են բոլոր քաղաքական ուժերը: Հայաստանն այլևս պետք է չունենա այն արատավոր երևույթները, որոնք ունեինք, քննադատում էինք, որոնք դեռ կան: Կան խորքային խնդիրներ և դրանց պետք է տրվեն համակարգային լուծումներ: Մեր խմբակցությունը բնականաբար ամեն ինչ անելու է այդ խնդիրների լուծման, թավշյա հեղափոխության կապիտալիզացիայի և ՀՀ քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններ արձանագրելու համար»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ նիստի մասով իրենք բոլոր սցենարներին պատրաստ են:
Խոսելով ԵԼՔ դաշինքի ապագայի մասին՝ Մարուքյանն ասաց, որ այն այս պահին կա, իսկ ապագայի մասով քննարկումներ չեն եղել. «Ընտրությունների արդյունքում ԵԼՔ դաշինքն ունի երկու ստորաբաժանում՝ խորհրդարանական խմբակցությունը և Երևանի ավագանիում խմբակցություն: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դեմ պայքարին, մենք միշտ ասել ենք, որ անձերի դեմ պայքարը որևէ բան չի փոխելու, անհրաժեշտ է համակարգային պայքար: Դուք տեսաք, որ Սարգսյանի հրաժարականից հետո պայքարը վերածվեց համակարգային պայքարի, քանի որ Կարեն Կարապետյանն էր ուզում փոխարինել նրան: Կոնկրետ մեր դերակատարման մասին չէի ցանկանա խոսել, քանի որ մեր արածը բոլորի աչքի առաջ է եղել»:
ԵԼՔ պատգամավորի խոսքերով, անընդհատ փորձ է արվում տարաձայնություններ գտնել դաշինքի ներսում. «Ես օրը մեջ Փաշինյանին տեսնում եմ, մենք գրկախառնվում ենք: Մենք արժանապատիվ կերպով պահել ենք այն, ինչ պայմանավորվել ենք»: