Հայաստան Քաղաքական 

Որտեղ է իրեն տեսնում Էդմոն Մարուքյանը, եթե Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ

Այսօր՝ մայիսի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, պատասխանելով հարցին, թե իրեն որտեղ է տեսնում Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելուց հետո, նշեց, որ իրեն տեսնում է խորհրդարանում, սակայն հարցը կքննարկվի:

Մարուքյանը նաև նշեց, թե չի կարծում, որ մինչև ընտրություններ հնարավոր կլինի փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ. «Ես կարծում եմ, որ պետք է ամեն բան անել ընտրական օրենսգիրքը վերանայելու համար, պետք է վերանայել մի շարք օրենքներ ևս ու գնալ ընտրությունների: Այդ կերպ կուսակցությունները կունենան հավասար հնարավորություններ, բացառած կլինենք ընտրակաշառքի բաժանումը, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը և այլն»:

ԵԼՔ պատգամավորը խոսեց նաև ռեյտինգային համակարգը հանելու և մատնահետքերի մասով մեխանիզմներ կիրառելու մասին՝ նշելով, որ այդ փոփոխություններից հետո հնարավոր կլինի գնալ արտահերթ ընտրությունների. «Ռեյտինգային համակարգը խանգարել է ընտրություններին: Քննադատվել է նաև ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը, դա ևս պետք է բացառվի: Կայուն մեծամասնության մասով պետք է ասել, որ դա սահմանադրական փոփոխության հարց է, որը հիմա հնարավոր չէ անել, դա պետք է անել ընտրություններից հետո: Մենք ասել ենք, որ այս Սահմանադրությունը կոնկրետ մարդու հագով կարված Սահմանադրություն է, որը պետք է վերանայվի»:

Նույն շարքից