Հայաստան Քաղաքական գլխավոր 

Արա Բաբլոյանի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգություններին, պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Անշուշտ գնահատելի է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը՝ կապված պատգամավորների հրաժարականների հետ: Իհարկե, անհրաժեշտ է, որպեսզի բոլորս առաջնորդվենք Սահմանադրությամբ` չխախտելով օրենքի տառը: Որպես Ազգային ժողովի նախագահ` մշտապես գործել եմ հենց այդ սկզբունքով, անգամ ամենաբարդ իրավիճակներում: Ինչ վերաբերվում է հրաժարական ներկայացրած պատգամավորներին, ապա Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ խմբակցության որևէ պատգամավորի նկատմամբ հրաժարական ներկայացնելու որևէ պահանջ չի դրվել: Պատգամավոր Գրիգոր Ավալյանի հրաժարականն իր անձնական որոշումն է՝ իր համոզմունքներին համապատասխան, որի իրավունքը պատգամավորին վերապահված է Սահմանադրությամբ: Իհարկե, խոսել եմ նաև պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ: Հորդորել եմ չշտապել, օգտվել Սահմանադրությամբ վերապահված՝ հրաժարականը չհաստատելու իրավունքից, սակայն պարոն Վարդանյանը պնդել է, որ այդ որոշումն անձնական է՝ հիմնված սկզբունքների և համոզմունքների վրա: Այդ մասին վերջինս հանդես է եկել նաև հայտարարությամբ:

Սահմանադրության համաձայն՝ այժմ մեզ մնում է միայն սպասել, որից հետո արձանագրել փաստերը:

Հույս ունեմ, որ այսուհետ ևս կառաջնորդվենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ»:

Նույն շարքից