Ծնվել է Թիֆլիսում: Երաժշտական կրթությունը ստացել է տանը: 1921-31թթ, ընդհատումներով, եղել է Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնի դաշնակահար, ապա` դիրիժոր: Ղեկավարել է Վիկտոր Դոլիձեի «Լեյլա», 1924թ. Լենինականի օպերա-օպերետային խմբում` Շ.Գունոյի «Ֆաուստ», Ժ.Բիզեի «Կարմեն», Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերային ներկայացումները: 1928-30թթ սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական բաժնում: 1931թ-ից եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի դիրիժոր, 1953-62թթ՝ գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է ռուս, արևմտա-եվրոպական կոմպոզիտորների 50-ից ավելի օպերային ներկայացումներ, որոնցից են Ջ.Վերդիի «Աիդա», «Օթելլո», Ժ.Բիզեի «Կարմեն», Լ.Բեթհովենի «Ֆիդելիո», Ս.Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» և այլն: Ստեղծագործական նվաճումներից են նաև Մ.Գլինկայի «Իվան Սուսանին», Ա.Բորոդինի «Իշխան Իգոր», Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» և «Չերևիչկի», Մ.Մուսորգսկու «Բորիս Գոդունով», Զ.Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի», Ջ.Ռոսսինիի «Վիլհելմ Տել», Ջ.Պուչչինիի «Չիո Չիո-սան» օպերային ներկայացումները: 1929թ. և 1932թ.` սիմֆոնիկ համերգներով, 1958թ. Մեծ թատրոնի խմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, որտեղ ղեկավարել է «Իվան Սուսանին», «Իշխան Իգոր» օպերային ներկայացումները և Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան: 1950-60թթ ներկայացումներ է ղեկավարել Պրահայի, Օստրավայի, Լոնդոնի, Բուդապեշտի և այլ քաղաքների օպերային թատրոններում: Գրել է «Տասներկուերորդ գիշեր» (ըստ Վ.Շեքսպիրի) օպերան, սիմֆոնիա, ռոմանսներ՝ Պուշկինի և Էրենբուրգի խոսքերով: Դիրիժորի անունով կոչվել է Արտաշատի երաժշտական դպրոցը: 1942 և 1943թթ արժանացել է ԽՍՀՄ Պետական, 1953 և 1962թթ` Ֆրանսիայի Մեծ, 1964թ.` Ամերիկայի արվեստների ակադեմիայի մրցանակների: 1947թ. արժանացել է ՌԽՍՀ, 1951թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Մոսկվայում:
Ալեքսանդր Մելիք-Փաշայան