Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ԱԺ աշխատակազմը կշարունակի լինել ամենակարգապահ, ամենակազմակերպված և ամենաարդյունավետ կառույցներից մեկը մեր երկրում

analitik.am

Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի նախապատրաստական աշխատանքներին գործուն մասնակցություն ցուցաբերելու և ծառայողական պարտականությունները բարձր արդյունավետությամբ կատարելու համար մայիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով են պարգևատրվել պետական համակարգի աշխատակիցներ: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ նախապատրաստական փուլում մասնագիտական մոտեցումը և արհեստավարժությունը նախապայման ստեղծեցին, որպեսզի արարողությունը բարձր գնահատականի արժանանա ինչպես երկրի քաղաքական ղեկավարության, այնպես էլ միջազգային կառույցների ու հյուրերի կողմից:

Արա Սաղաթելյանը մասնավորապես ընդգծել է, որ խորհրդարանն ունի իրավիճակը կայունացնող առաքելություն, ինչը հատկապես կարևոր է այս շրջանում՝ փաստելով, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը քաղաքական ուժերից անկախ մասնագիտական գործունեություն իրականացնող մարմին է և անկախ քաղաքական հանգամանքներից պարտավոր է շարունակել լինել ամենակարգապահ, ամենակազմակերպված և ամենաարդյունավետ կառույցներից մեկը մեր երկրում:

Շնորհակալություն հայտնելով կատարված և կատարվող աշխատանքների համար՝ Արա Սաղաթելյանը հավելել է, որ Ազգային ժողովի աշխատակազմը, լինելով ապաքաղաքական մարմին, անկախ յուրաքանչյուրի անձնական մոտեցումներից և համակրանքից, պետք է շարունակի ապահովել հավասար պայմաններ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի համար:

Նույն շարքից