Բարի օր Հասարակություն 

Ի՞նչ սպասելիքներ ունեն քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի վարչապետությունից

analitik.am

Analitik.am-ը հարցում է անցկացրել ՀՀ քաղաքացիների շարքերում պարզելու համար, թե ի՞նչ փոփոխություններ են ցանկանում տեսնել մեր երկրում և ի՞նչ ակնկալիքներ ունեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությունից։

Քաղաքացիների մեծամասնության կարծիքով, տարիների ընթացքում խնդիրներն այնքան են շատացել, որ դրանց թվարկումն անիմաստ է։

«Պետք է անցնել գործի, կատարել հիմնովին փոփոխություններ: Ես վստահ եմ, որ փոփոխություններ լինելու են, քանի որ արդեն Եվրամիությունը սառեցրել է հայ իշխանավորներին պատկանող օֆշորային հաշվեհամարները, իսկ դա արդեն փոփոխությունների սկիզբն է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Կոնկրետ Նիկոլ Փաշինյանից ոչ մի ակնկալիք չունեմ, բայց վարչապետ Նիկոլից հույս ունեմ, որ հնարավորինս հարկային դաշտը կարգավորելով, կկարողանա ավելի թեթևացնել փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը, խոշոր հարկատուները կվճարեն իրական հարկերի դրույքաչափերը, ինչի հաշվին պետբյուջեի ծավալները կմեծանան։ Ամենամեծ ակնկալիքս, եթե հնարավոր լիներ օլիգարխների տարիներով կուտակած գումարներով փակել կամ գոնե նվազեցնել արտաքին պարտքը։ Իսկ թե ինչ կփոխվի, ավելի ճիշտ է ասել, արդեն փոխվել է «բեսպրիձելի» մթնոլորտը, որ մտածում էին ժողովուրդ չկա, ինչ ուզեն, էդպես էլ լինելու է։ Շատ կուզեի փոխվեր նաև ժողովրդի մտածելակերպը երկրի մասին, որ յուրաքանչյուրն ինքն իրեն հաշվետու լիներ, թե ինքն ինչ ա անում երկրի զարգացման համար, ոչ թե ուղղակի բողոքել իշխանություններից։ Մնացած ամեն ինչ լավա մեր երկրում, ես սիրում եմ իմ երկիրը»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մեկ ուրիշ քաղաքացու խոսքով, Նիկոլ Փաշինյանը կստեղծի իսկապես ժողովրդավարական երկիր, կվերացնի կոռուպցիան և պաշտոնեական դիրքի չարաշահումը. «Ուզում եմ վերանան օլիգարխները, ներդրումներ արվի գիտության ոլորտում, խզվի Ռուսաստանի հետ բոլոր կապերը, վերականգնվի խոսքի ազատությունը ոչ միայն համացանցում, այլ նաև հեռուստատեսությամբ»,- հավելեց նա:

Մեկ ուրիշ քաղաքացու կարծիքով էլ, փոփոխությունները պիտի լինեն ֆունդամենտալ, բոլոր բնագավառներում՝ սկսած մանկապարտեզներից վերջացրած բոլոր նախարարություններով, պիտի փոխվի կոռուպացված համակարգը, երկիրը դառնա ավելի ժողովրդավար և իհարկե թալանի վերադարձ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վարչապետությունից ակնկալիքների մասին խոսելիս, քաղաքացին նշեց, որ պետք է վերադարձվի ժողովրդի ինքնասիրությունը. «Էլ երբեք  չպետք է ընտրություններում դեր խաղա փողը, ընտրակաշառքը պիտի իսպառ վերանա, որպեսզի մարդն ինքը որոշի՝ ում ա տեսնում որպես ղեկավար և կատարի իր ընտրությունը»,- ավելացրեց քաղաքացին։

Հարցման արդյունքում պարզեցինք, որ որոշ քաղաքացիներ շատ մեծ ակնկալիքներ ունեն Ն.Փաշինյանի վարչապետությունից, սակայն գտնվեցին նաև մարդիկ, որոնց համար բացարձակապես մեկ է, թե ով կլինի երկրի վարչապետ, նրանցից մեկն ասաց. «Ոչ մի ակնկալիք չունեմ Նիկոլ Փաշինյանից, ինձ համար միևնույնն է, թե ով կլինի, կարևորը՝ ճիշտ օրենքներ գրվեն ու օրենքի առաջ բոլորի հավասարությունը լինի»։ Ըստ նրա,  քաղաքացիական գիտակցության ու պատասխանատու հասարակության ձևավորում է պետք։

«Նախ առաջին՝ հույս ունեմ, որ  կկարողանա թույլ չտալ, որ օլիգարխիան իշխանական համակարգում պաշտոններ զբաղեցնեն: Երկրորդ հերթին՝ խոշոր բիզնեսմեններն անցնեն հարկային գոտի ու սկսեն աշխատել ըստ հարկային օրենսգրքի կաննոների: Հույս ունեմ, որ տարիների ընթացքում դրական փոփոխություններ կկատարվեն նաև կրթական ոլորտում, որն ավելի նման կլինի եվրոպականի, այսինքն՝ համալարսանն ավարտելուց հետո դու կարաս մրցույթի մասնակցես ու անցնես աշխատանքի քո իսկ մասնագիտությամբ, ինչպես նաև կվերանան ԱՊՀ երկրներին բնոշոր մենաշնորհային բիզնեսները, նաև դատա-իրավական համակարգում, սոցիալ-տնտեսական, ոստիկանության համակարգում, որպեսզի ոստիկանի գիտակցությունն այնքան հասունանա, որ կաշառք վերցնելուց մի լավ մտածի ու խուսափի՝ սկսած հասարակ պետավտոտեսուչից մինչև բարձրաստիճան ոստիկան: Հարկ եմ համարում նշել նաև ամենակարևոր խնդրի` Արցախի հարցի մասին, որում վերջապես դրական տեղաշարժ կունենանք հօգուտ ՀՀ-ի, քանզի հիմա մենք գտնվում ենք ավելի շահեկան դիրքում քան Ադրբեջանը»:

«Ամենակարևոր փոփոխությունն արդարության վերականգնումն է՝ խոսքի տերը լինի, ինչն ինքը ներկայացրել ա տարիների ընթացքում՝ մոնոպոլիայի վերացում, հարկային դաշտ մտցնի բոլորին, այն բոլոր հարցերը, որը հուզումա բոլորիս»,-նշեց քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներից ոմանք նշեցին, որ սպասում են Փաշինյանը վարչապետ դառնա, որպեսզի ների իրենց վարկերը. «Նա խոստացել ա, որ էլ ոչ մի խնդիր չենք ունենալու, դրա համար ենք իրա կողքին եղել, իմ խնդիրը վարկերն են, էտ բեռի տակ էլ չեմ դիմանում, պիտի էնենց անի, որ էտ վարկերն էլ չլինեն»,- նշեց նրանցից մեկը:

Հարցված քաղաքացիներից շատերն ասացին, որ կարևորն  արդարության վերականգնումն է. «էլ չլինեն սենց թալանչիներ, օլիրգախներ, պետական հանցագործներ»։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանից հիմնականում ակնկալում է պետական կառավարման համակարգում արմատացած կաշառակերության և մենիշխանության դեմ պայքար. «Մեր երկրում շատ բան կփոխեի, բայց հիմնականում կփոխեի բոլորի մտածելակերպը, մարդկանց մեջ կփոխեի մոտեցումը բանակի նկատմամբ»։ Նրա կարծիքով, բանակը մարդկանց համար պետք է դառնա ապրելակերպ. «Մեր երկիրը բոլոր նախադրյալներն ունի դառնալու տնտեսապես հզոր երկիր և նաև շատ կուզեի այն համախմբվածությունը, որը մենք միշտ տեսնում ենք երկրի ծանրագույն պահերին, միշտ լիներ»:

«Ակնկալում եմ, որ Նիկոլը վերջ ի վերջո կվերացնի այս վայրի կապիտալիստական համակարգը, տոտալիտար ռեժիմը, որով մենք բոլորս ստանձնել  ենք պարտականություններ, բայց իրավազուրկ ենք: Ակնկալում եմ, որ կկարողանա ներգրավվել մասնագետների, ովքեր ձևի համար չեն լինի նստած, այլ կօգնեն ոտքի կանգնեցնել մեր պետությունը, և ամենակարևորը՝  նա արդեն իսկ կարողացավ ժողովրդի մեջ հավատ սերմանել, որ մենք ուժեղ ենք և մենք կարող ենք: Կուզենայի՝ փոխվեր նաև կրթական համակարգը, ավելի ճիշտ, ոչ թե փոխվեր, այլ ստեղծվեր, քանի որ որպես այդպիսին մենք չունենք կրթական համակարգ»:

Ըստ քաղաքացու, այսքան տարիների անմխիթար վիճակը եկել է կրթության բացակայությունից, որն էլ իր հերթին եկել է հեռավոր ԽՍՀՄ-ից.«Կուզենայի, որ ամեն քաղաքացի մտածի իր հողի մասին, մտածի իր երկրի մասին, օրինակ բերեմ Ճապոնիայի 2011 թվականի մարտի 11-ին տեղի ունեցած աղետները, երկրաշարժը, ցունամին... ժողովուրդը ամբողջ Ճապոնիայից եկել հավաքվել էին այդ քանդված, փլված տարածքներում, և ողջ ժողովուրդը ձեռնամուխ եղավ իրենց ճանապարհները, տները մաքրելուն, կառուցելուն և վերականգնելուն»,-նշեց քաղաքացին։

«Նիկոլը մեր ժողովրդի Մայիսեյնա… Նրա վարչապետ լինելուց հետո, իմ կարծիքով, ժողովուրդն արժանապատիվ կապրի, արդարություն կլինի, չի լինի կոռուպցիա, ժողովուրդը կարող է ազատ արտահայտել իր կարծիքը, դրսի հայերն էլ, իմ կարծիքով, կվերադառնան։ Կցանկանայի, որպեսզի աշխատավարձերը բարձրացնեին ու ինչ խնդիրներ, որ ունեն մարդիկ կապված բանկերի հետ, ամբողջը վերանա, որ ժողովուրդը սկսի ապրել զրոյից նոր Հայաստանում»։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից