Ծնվել է Թբիլիսիում: Սովորել է տեղի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա` ուսումնարանում: 1957թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի ստեղծագործական բաժինը (ղեկավար` Արամ Խաչատրյան): 1958թ-ից ստեղծագործել է կինոյում: Հեղինակել է շուրջ 130 ֆիլմի երաժշտություն, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը` «Եղջերու Արքան», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Տասնհինգերորդ գարունը», «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ», «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» և այլն: Գրել է երաժշտություն թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար: Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերով: Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, երգեհոնի համար, դաշնամուրային պիեսների՝ 24, ռոմանսների` 15 շարքեր, երգեր` ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, նաև Վիլյամ Շեքսպիրի, Բելա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու և ուրիշների խոսքերով: 3 անգամ արժանացել է ՌԴ «Նիկա» կինոմրցանակին, ԱՄՆ երաժշտական ակադեմիայի մրցանակին: 1997թ. հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը: 1999թ-ից, 2 տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվում է Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթ: Ղեկավարել է ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության կոմպոզիտորական գիլդիան: Արժանացել է մի շարք պետական պարգևների ու մրցանակների, 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Սոչիում:
Միքայել Թարիվերդիև