ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Эхо Москвы»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, եթե վերջինս ընտրվի վարչապետ:
«Եթե ես նրա հետ աշխատել եմ հրապարակում, հավանաբար կկարողանամ: Իսկ եթե նա դառնա վարչապետ, ես ոչ միայն կկարողանամ նրա հետ աշխատել, այլ կաշխատեմ»,-ասել է ՀՀ նախագահը:
Սարգսյանը նշել է, որ Փաշինյանի հետ իր վերջին հանդիպումը կառուցողական է եղել. «Նա երիտասարդ, տաղանդավոր մարդ է, ով զգում է, հմտորեն վերահսկում է երիտասարդների և ոչ երիտասարդ մարդկանց էմոցիաները, մտքերն ու ցանկությունները: Ինչպիսի վարչապետ նա կլինի, ժամանակը ցույց կտա»:
ՀՀ նախագահը նաև նշել է, որ պատրաստ է խորհուրդներով օգնել Փաշինյանին, եթե վերջինս ցանկանա դա. «Ես ցանկանում եմ ցույց տալ, որ ինձ համար առաջնահերթություն են օրենքն ու օրինականությունը, Սահմանադրությունը: Եթե ինչ-որ մեկը անտեսի Սահմանադրությունը, հանձինս ինձ աջակցություն չի ստանա»: