Հասարակություն 

Իրինա Ալեգրովա

Ծնվել է 1952թ. հունվարի 20-ին, Դոնի Ռոստովում: Հայրը եղել է հայ` Ալեքսանդր Սարկիսովը, ով երիտասարդ տարիներին ազգանունը փոխել է և դարձել Ալեգրով: 1961թ. երգչուհին ընտանիքով տեղափոխվել է Բաքու: Սովորել է երաժշտական դպրոցում և Բաքվի կոնսերվատորիայում: 1970թ. երգել է Երևանում` Կոստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1970-ականներին համերգներով եղել է Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում: 1975թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկզբնական շրջանում դասավանդել է երգեցողություն: 1977թ. եղել է «Երիտասարդ ձայներ» անսամբլի մեներգչուհի, որի խմբում համամիութենական «Սոչի 78» մրցույթի ժամանակ դարձել է դափնեկիր: 1982թ. խաղացել է թատերական մյուզիքլում: 1985թ. եղել է «Մոսկովյան կրակներ» անսամբլի, ապա` «Էլեկտրոկլուբ» ռոք խմբի մեներգչուհի: 1987թ-ից ելույթ է ունեցել արդեն մեծ բեմերում և ձեռք բերել ճանաչում: 1990թ. արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» կոչմանը և ձայնագրել է բազմաթիվ հիթեր` «Ֆոտոգրաֆիա», «Բաբնիկ», «Տրանզիտ» և այլն: Մենահամերգներով հանդես է եկել բազմաթիվ քաղաքներում: 1992թ. առաջին մեծ մենահամերգով հանդես է եկել Մոսկվայի «Օլիմպիական» համալիրում և թողարկել է առաջին ձայասկավառակը: 1994թ. կրկին արժանացել է «Լավագույն երգչուհի» կոչմանը: 1996թ-ից սկսել է համագործակցել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի հետ, նկարահանել է բազմաթիվ տեսահոլովակներ, որոնք դարձել են հիթեր: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, փառատոների և արժանացել առաջատար մրցանակների: 2002թ. արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչմանը և «ՆԳՆ 200 տարի» ոսկե մեդալի: 2005թ. նշանակվել է «Եվրազես»-ի գլխավոր քարտուղարի մշակութային խորհրդական: 2006թ. արժանացել է «ՌԴ հայկական ծագումով լավագույն երգչուհի» մրցանակին: 2009թ. Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ներկայացրել է «Սպասիր ինձ, Հայաստան» նոր երգը: Մասնակցել է բազմաթիվ հեռուստանախագծերի, մեծարման երեկոների, եղել է միջազգային երաժշտական փառատոների ժյուրիի անդամ: Թողարկել է 13 ձայնասկավառակ և 6 տեսասկավառակ: Նկարահանել է ավելի քան 30 տեսահոլովակ: Երգչուհու հոբբին խոհանոցն է, սիրում է պատրաստել կերակուրներ, քաղցրավենիքներ: 2010թ. արժանացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչմանը: 2012թ. հանդես է եկել բեմական հրաժեշտի համերգային շրջագայությամբ, որի ընթացքում համերգներ է ունեցել Ռուսաստանում, Հայաստանում, ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Նույն շարքից