Դրանք հիմարություններ են: Այսօր՝ մայիսի 8-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե համապատասխանում են արդյո՞ք իրականությանն այն խոսակցությունները, որ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող են ԲՀԿ-ի միջոցով վերադառնալ քաղաքականություն:
Ծառուկյանը նշեց, որ իրենց համար ծանոթ-բարեկամներ չկան, այլ տեղ է տրվում նրանց, ովքեր արժանի են:
Դիտարկմանը, որ Ծաուկյանն իր թիմում է ներգրավել իր փեսաներին, հետևաբար ինչպես կարելի է խոսել ծանոթ-բարեկամ սկզբունքով չառաջնորդվելու մասին, Ծառուկյանն ասաց, որ իր փեսաները լավ են աշխատում, կարողանում են 33-35 հազար ձայն բերել՝ օգտագործելով իրենց հեղինակությունը:
Իր և Նիկոլ Փաշինյանի նախկին հարաբերությունների մասի խոսելով՝ ԲՀԿ առաջնորդն ասաց, որ երբևէ լուրջ խնդիրներ չեն եղել այդ հարաբերություններում, և եթե ինքը՝ որպես ուժեղ մարդ, կարողացել է ներել ՀՀԿ-ին, կարող է ներել բոլորին:
Հարցին, թե ովքեր պետք է չլինեն ՀՀ ապագա կառավարության կազմում, Ծառուկյանն ասաց՝ նրանք, ովքեր իշխանությունն օգտագործում են անձնական շահերին: