Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ի՞նչ պետք է սպասել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից

Ի՞նչ պետք է սպասել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին սպասվելիք հանդիպումից, ինչպիսի բանակցող է լինելու Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այս հարցերի մասին Analitik.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

Պարոն Մարտիրոսյան, այս պահին կասկած չի հարուցում այն, որ Հայաստանի նոր վարչապետը լինելու է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Ինչ եք կարծում, մայիսի 8-ին մեզ անակնկալներ սպասվո՞ւմ են, թե ամեն ինչ անցնելու է հարթ:

Ոչ չեն սպասվում: Փաշինյանը կընտրվի վարչապետ: Հանրապետական կուսակցությունը ջախջախված է, իսկ ժողովրդին հաղթանակի տարածը ղեկավարելու է երկիրը:

Եթե ես չեմ սխալվում, ՀՀ ղեկավարներն ընտրվելուց հետո միշտ առաջին այցը կատարել են Ռուսաստան, իսկ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ (ըստ տարածված խոսակցությունների): Սա կարելի է համարել արտասահմանյան այց, թե ոչ: Եթե այո, ի՞նչ է սա նշանակում:

Եթե համարենք արտասահմանյան այց, ուրեմն՝ մերձավոր արտասահման ենք համարելու նաև Շիրակի մարզը, Տավուշն ու Լոռին: Արցախը Հայաստան է: Նիկոլ Փաշինյանն էլ այցելելու է Հայաստանի մի մաս:

Հայտնի է նաև, որ շուտով Ռուսաստանում Փաշինյանին ընդունելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի՞նչ կարել է սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից:

Շատ լավ և ջերմ հանդիպում: Երկու առաջնորդներն առաջին անգամ են հանդիպելու: Ծանոթանալու են: Փաշինյանը կհավաստի Պուտինին, որ Հայաստանը շարունակելու է մնալ Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցը, Պուտինն էլ՝ աջակցություն է հայտնելու Հայաստանի ժողովրդին: Ուրիշ որևէ արտառոց բան սպասել կամ ակնկալել պետք չէ:

Պարոն Մարտիրոսյան, մենք գիտե՞նք, թե ով է բանակցելու ղարաբաղյան հակամարտության հարցում: Եթե բանակցողը լինելու է մեր ապագա վարչապետը, մենք դրանից շահելո՞ւ ենք, պարոն Փաշինյանը, ըստ Ձեզ լավ բանակցող կլինի՞:

Փաշինյանն ապացուցել է, որ ինքը հրաշալի բանակցող է: Բանակցություններում՝ հատկապես թշնամու հետ, անհրաժեշտ է կոշտություն ցուցաբերել և իմանալ, որ թիկունքն ամուր է: Փաշինյանին տրված մանդատով նրա թիկունքը ողջ հայ ժողովուրդն է այս պահին և դա շատ ամուր թիկունք է: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում էլ Փաշինյանը ցույց տվեց, որ կոշտ և անվախ բանակցող է: Ավելի լավ ի՞նչ կարող է լինել: Եվ դա հաստատ ավելի լավ է լինելու քան մի կողմից Ադրբեջանը ներկայացնող երկրի ղեկավարի և մյուս կողմից՝ ադրբեջանցիների շահերին հօգուտ գործող Հայաստանը ներկայացնող ղեկավարի բանակցությունները: Փաշինյանը ներկայացնելու հայկական շահերը և դա լինելու է այս հանրապետության պատմության մեջ առաջին անգամ:

Եվ վերջին հարցը, ինչպե՞ս կգնահատեք նախագահ Արմեն Սարգսյանի դերը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների կարգավորման հարցում: Նա կարողացա՞վ, կամ կարողանո՞ւմ է կատարել, այպես ասած, միջնորդի դերը:

Սարգսյանը միջնորդի դեր խաղաց հենց սկզբից: Լիազորությունները քիչ են, բայց որոշ դերակատարում, Սարգսյանն ունեցավ գործընթացներում: Գոնե այն մասով, որով այդ դերակատարությունը տեսանելի էր՝ բացասական ներգրավվածություն կարծես թե չնկատվեց: Միջնորդի դեր կատարելու քիչ բան կար: Բախումը շատ լուրջ էր հակամարտ կողմերի միջև, իսկ Նախագահի ինստիտուտը շատ փոքր է՝ նման հարցերում լուրջ դերակատարություն ստանձնելու համար: Ամեն դեպքում կարևորն այն է, որ այս պայքարում հաղթեց ժողովուրդը:

Նույն շարքից