Ես եկել եմ այստեղ իմ աջակցությունը հայտնելու Նիկոլին և ժողովրդին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Սերժ Թանկյանը, ով խորհրդարանում է և հետևում է վարչապետի ընտրության հարցի քննարկմանը:
Թանկյանը նշեց, որ շատ ուրախ է և հպարտ Ազգային ժողովում լինելու համար:
Հարցին, թե համերգ լինելո՞ւ է, թե ոչ, Թանկյանն ասաց, որ պատրաստ չեն դրան, և հնարավոր չէ մեկ վայրկյանում որոշել ու համերգ տալ:
Թանկյանը հավելեց, որ հեղափոխությունից հետո անպայման ներգաղթ կլինի, դա ժամանակի հարց է և կապված է նրա հետ, թե ինչ դրական փոփոխություններ կլինեն Հայաստանում:
Հարցին, թե ինքը որ դեպքում կգա Հայաստան ապրելու, Թանկյանն ասաց, որ ինքը թափառական անձ է և ամբողջ աշխարհում է ապրում, բայց ուզում է տարվա մեջ գոնե 1-2 ամիս ապրել Հայաստանում:
Թանկյանն ասաց, որ քննարկման ժամանակ լինելու է խորհրդարանում: