Հասարակություն 

Էլվինա Մակարյան

Ծնվել է Երևանում: Վաղ տարիքից մեծ սեր և ձգտում է ունեցել երաժշտության նկատմամբ: Հաճախել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: 12 տարեկան հասակում մասնակցել է դպրոցական քաղաքային օլիմպիադային, որտեղ առաջին հաղթանակն է ունեցել: Նկատելով երգչուհու տաղանդը` կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նրան հրավիրել է իր նորաստեղծ ջազային քառյակ, որի կազմում առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ: Հետագայում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից առաջարկ է ստացել` երգել նրա «Կռունկ» վոկալ-գործիքային անսամբլում, որտեղ էլ կատարելագործվել է` որպես ջազային երգչուհի: Երկու տարի անց, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, լսելով աղջկա հզոր ձայնը, նրան հրավիրել է իր անսամբլ, որից հետո սկսվել են արտասահմանյան շրջագայությունները: Երգչուհին տիրապետել է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին, առնչվել համաշխարհային մշակույթի և օտարազգի երաժիշտների հետ: Սիրահարված է եղել ամերիկյան ջազին: Աշխատելու հետ մեկտեղ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում: 1970-ականներից մասնակցել է միջազգային բազմաթիվ փառատոների, ելույթ ունեցել աշխարհի տարբեր բեմերում: 1973թ. Մոսկվայի Օստանկինոյում կայացած «Երիտասարդ ձայներ» համամիութենական մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի` Ամիրխանյանի «Ուր եք, տղաներ» երգի կատարման համար: 1980-ականներին մեկնել է ԱՄՆ, որտեղ թողարկել է երեք ձայնասկավառակ, բացել սեփական ստուդիան, նկարահանել տեսահոլովակներ, գրել երգեր։ 1990-ականների սկզբներին վերադարձել է Երևան, որտեղ թողարկել է մի քանի հիթեր` «Յարո ջան», «Երևան»: Մինչև 90-ականների վերջ բնակվել և ստեղծագործել է հայրենիքում, որից հետո ընդմիշտ մեկնել է ԱՄՆ, որտեղ շարունակել է ստեղծագործել սեփական ստուդիայում: Ինքնասպան է եղել Լոս Անջելեսում և կտակել է` իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին։ Կտակով խնդրել է նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել։ Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար:

Նույն շարքից