Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ որպես ընդդիմություն, շարունակելու է ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուար Շարմազնովը:
Շարմազանովը նշել է, որ կուսակցության գործունեության առանցքում լինելու է ՀՀ և ԱՀ անվտանգությունը, ավանդական հայկական ընտանիքը, ավանդական արժեքների պահպանությունը. «Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, և բոլոր այն դրույթները, որոնք կբխեն մեր քաղաքականությունից, մեր գաղափարախոսությունից և չեն սպառնա Հայաստանի և Արցախի անվտանգությանը, մենք կօժանդակենք, անկախ նրանից, թե ում կողմից կլինեն: Մենք ինքնանպատակ դեմ կամ կողմ չենք լինելու, ռևանշիզմ չկա, մենք կայացած ինքնաբավ քաղաքական ուժ ենք: ՀՀԿ-ն անկախ Հայաստանի ամենահզոր հիմնասյուններից մեկն է»:
ԱԺ փոխխոսնակը, խոսելով ՀՀ նորընտիր վարչապետի ելույթի մասին, ասաց, որ այն բարի ցանկություն էր, որը տանում է դեպի երջանկություն, բայց թե ինչպես և ոնց, չնշվեց:
Շարմազանովը նաև նշեց, որ Փաշինյանի վարչապետության մասով ՀՀԿ-ի դիրքորոշումը չի փոխվել, բայց երբեմն պետք է գնալ զիջումների: