Ստամբուլահայ սիրված երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն առաջինն էր, ով իր թովիչ ձայնով ու գեղեցիկ հայերենով գերեց անգամ թուրք հանդիսատեսին: Հովհաննես Շիրազի բառերի հիման վրա գրված նրա «Նամակ» երգի տեսահոլովակը ժամանակին «գրավեց» թուրքական ամենաազդեցիկ հեռուստաալիքները: Թուրքական մամուլի հետաքրքրությունն ու արձագանքը չափազանց մեծ էին:
Երգչուհու «Սիբիլ» ձայնասկավառակը, որտեղ ներառված են նաև «Տեր ողորմյա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը, թողարկվել է 2010 թվականի նոյեմբերին՝ արժանանալով ջերմ արձագանքների:
Սիբիլը ծնվել և մեծացել է Ստամբուլում, ընդամենը մի քանի տարի է սովորել հայկական նախակրթարանում, սակայն խոսում և երգում է հայերեն, երազում երգել հինավուրց Անիում: