Քաղաքական Միջազգային գլխավոր 

ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային պայմանագրից. Իրանի նախագահի զգուշացումը չուշացավ

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային պայմանագրից և ամերիկյան ադմինիստրացիան սկսում է քայլեր ձեռնարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու համար:

Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է բարձր մակարդակով պատժամիջոցներ կիրառել Իրանի և բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք Թեհրանին կօգնեն միջուկային զենք ունենալ:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը լուրջ խնդիրներ է ունենալու, եթե որոշի զարգացնել իր միջուկային ծրագիրը:

Թրամփի որոշմանն արդեն արձագանքել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, նշելով, որ իր երկիրը չի պատրաստվում դուրս գալ պայմանագրից, չնայած ԱՄՆ-ի որոշմանը:

Ռոհանին մասնավորապես հայտարարել է, որ այսօրվանից պայմանագիրը գործում է Իրանի և հնգյակի միջև՝ հավելելով, որ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը շուտով ուղևորվելու է այն երկրներ, որոնք մնացել են պայմանագրում:

Իրանի նախագահը պնդել է, որ իր երկիրը հավատարիմ է պայմանագրին, ինչը հաստատել է նաև ՄԱԳԱՏԷ-ն, սակայն ԱՄՆ-ը չի ցանկանում աջակցել այդ պայմանագիրը:

Ռոհանին նաև նշել է, որ արդեն կարգադրություն է տվել, որի համաձայն իր երկիրը կրկին սկսելու է ուրանի հարստահարումը և դա անելու է ավելի մեծ ծավալներով, քան անում էր մինչև պայմանագիրը, եթե դրա կարիքը լինի:

Հավելենք, որ Իսրայելն իր աջակցությունն է հայտնել Թրամփին, իսկ ԱՄՆ-ում, ինչպես հայտնում է  The Hill-ը, քաղաքացիների 2/3-ը դեմ են արտահայտվել նախագահի որոշմանը:

 

Նույն շարքից