Ըստ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ում հետ ինքը հարգալից հարաբերություններ ունի: Այս մասին ՀՀ նախագահը խոսեց այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Սարգսյանը նշեց, որ ինքը՝ որպես նախագահ, ներդրում կունենա՝ օգնելով կառավարությանը հաջողության հասնել, հակառակ դեպքում կստացվի, որ ամեն ինչ անիմաստ է եղել:
ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում Փաշինյանը կձևավորի նոր կառավարություն և այն կլծվի առկա խնդիրները լուծելու գործին: Սարգսյանի խոսքերով, նախագահը լծակներ չունի, սակայն ամեն ինչ անելու է օրինականությունն ու օրենքները պահպանելու համար:
ՀՀ նախագահը խոսեց նաև ՀՀ 3-րդ նախագահի մասին՝ հայտնելով, որ մի քանի օր առաջ է հանդիպել վերջինիս հետ և հավելեց, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել Հայաստանը:
Սարգսյանը, խոսելով Հայաստանում տեղի ունեցածի մասին, նշեց, որ այն հեղափոխություն էր՝ հայկական ձևով, որի արդյունքում որևէ մեկը չտուժեց, չեղավ բռնություն, չեղան զոհեր, իսկ հիմա պետք է կառուցել վաղվա Հայաստանը: