Բարի օր Հասարակություն 

Շուշին ազատագրվեց հայ ռազմագիտական մտքի և համազգային միասնության շնորհիվ. Արա Բաբլոյան

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Շուշիի ազատագրման ու Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից.

Սիրելի հայրենակիցներ,

26 տարի առաջ գրվեց անցած դարավերջին անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի ամենաշքեղ էջերից մեկը՝ ազատագրվեց Շուշին: Այն դարձավ արցախահայության անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկը և նախադրյալներ ստեղծեց Արցախյան ազատամարտը հաղթանակով պսակելու, այսօր ամուր պաշտպանված սահմաններ ունենալու համար: Շուշին ազատագրվեց հայ ռազմագիտական մտքի և համազգային միասնության շնորհիվ:

Շնորհավորելով բոլորիս ու առաջին հերթին Երկրապահ կամավորականներին` խոնարհվենք մեր բոլոր հերոսների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի սահմանների ու հայության ազատ ապրելու իրավունքի պաշտպանության համար:

Այսօր մենք տոնում ենք նաև Հաղթանակի ու խաղաղության օրը: Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի համար հայ ժողովուրդը շատ թանկ գին վճարեց: Ատելության վրա հիմնված գաղափարախոսությունն աշխարհում քաշել էր այնպիսի բաժանարար գծեր, որոնք վերացնելու համար զոհվեցին տասնյակ միլիոնավոր մարդիկ, խորտակվեցին հարյուր միլիոնավորների ճակատագրերը: Մայիսի 8-ը և 9-ը աշխարհում նշվում են որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակման և հաշտեցման օրեր: Միշտ հիշենք, որ տարբեր գաղափարներն ու տեսլականները պիտի միավորեն հասարակությունը, այլ ոչ թե պառակտեն կամ արհեստական բարիկադներ կառուցեն տարբեր ըմբռնումների տեր մարդկանց միջև:

Կրկին շնորհավորում եմ այս նվիրական տոների առթիվ, խնկարկում հայրենիքի սահմանների պաշտպանության համար ընկածների հիշատակը և մաղթում, որ միասնական ջանքերով կարողանանք խաղաղության ամեն մի օրն օգտագործել Հայաստանի ու Արցախի հզորացման, սահմանների պաշտպանության ամրապնդման և ժողովրդի բարօրության համար:

 

Նույն շարքից