Այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում շարունակել այդ պաշտոնում աշխատանքը նոր կառավարության կազմում, սակայն չի հեռանալու, քանի դեռ չկա իրեն փոխարինողը, քանի դեռ նշանակված չէ նոր նախարարը:
Սարգսյանն ասաց, որ որևէ բան չի կարող իրեն ստիպել ետ կանգնել իր պարտականությունները կատարելուց, քանի դեռ չգիտի, թե ով է ստանձնելու այդ պարտականությունները. «Ես բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում: Նախարարը վարձու աշխատող չէ, այն քաղաքական պաշտոն է, կա քաղաքական հայացքների, թիմի, միասնության և խորը վստահության խնդիր: Արդյունավետ նախարար լինելը շատ դժվար է, եթե դու չունես համախոհների թիմ և եթե դուք չեք ծառայում նույն խնդրին»:
Սարգսյանը խոսեց նաև այն մասին, թե ինչով է պատրաստվում զբաղվել. «Երկրին, ժողովրդին, հայրենիքին կարելի է ծառայել ամենատարբեր ձևերով՝ հասարակական ոլորտում, մանկավարժական ոլորտում և այլն: Իմ ծառայությունը լինելու է բազմատեսակ: Շարունակելու եմ լինել քաղաքական դաշտում, կվերականգնեմ մանկավարժական գործունեությունս, ավելի շատ ժամանակ կհատկացնեմ ընտանիքիս, լիարժեք արձակուրդ կունենամ, որը չեմ ունեցել վերջին 23 տարում և այլն: Ինչով էլ զբաղվեմ, կապ եմ ունենալու հասարակական-քաղաքական կյանքի հետ»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ում է տեսնում իրեն փոխարինողի դերում, Սարգսյանն ասաց, որ պետք է սպասել և տեսնել թե ինչ կլինի:
Դավիթ Տոնոյանի թեկնածության մասով Սարգսյանն ասաց, որ երկար ճանապարհ է անցել վերջինիս հետ, 19 տարի ծանոթ են. «Դավիթ Տոնոյանը շատ լավ գիտի ՊՆ-ն, ունի փորձ և գիտելիք: Ինձ հարմար կլիներ նրան տեսնել որպես պաշտպանության նախարար, քանի որ նա կունենա նաև համեմատության եզրեր և կկարողանա գնահատել վերջին 1,5 տարվա աշխատանքն ու արդյունքները»:
Միևնույն ժամանակ Սարգսյանն ասաց, որ իր համար զարմանալի էր Տոնոյանի արձագանքը ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի առաջարկին. «Նրա արձագանքը նշանակում էր, լինելով կառավարության կազմում, բաց թողնել դռները նման բանակցությունների համար: Ես անձամբ երբեք այդպես չեմ արել: Բայց մարդիկ տարբեր ձև են մտածում և ապրում»: