«Զինվորականների մասնակցությունը համազգեստով քաղաքական ակցիաներին անթույլատրելի է, վերջակետ»,-այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանում բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիներին զինվորականների միանալուն:
Սարգսյանն ապագա Պաշտպանության նախարարին, անկախ նրանից, թե ով կլինի այդ պաշտոնում, հորդորեց և խորհուրդ տվեց շատ կոշտ արձագանքել ծառայողական քննության լիարժեք ավարտից հետո. «Ես իմ մասով ընդունել եմ զորամասի հրամանատարի զորացրման դիմումը և ուղարկել եմ կառավարություն, որտեղից էլ այն ուղարկվել է ՀՀ նախագահին: Նախագահը, ըստ սահմանադրության, պետք է ձեռնարկի քայլ: Ցավով եմ դա արել, քանի որ այդ զորամասի հրամանատարն ինձ համար շատ հարգված, շատ ընդունելի սպա է: Բայց ես հասկանում եմ նրան, ինքս առնվազն նույնը կանեի»: