«Ես պատրաստ եմ ՀՀ-ի անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի Հանրապետության անունից Ադրբեջանի ղեկավարության հետ կբանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության նախագահի»,-այսօր՝ մայիսի 9-ին, Արցախում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, եթե միջազգային հանրությունը, այդ թվում նաև Ադրբեջանը ցանկանում են լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ապա անտրամաբանական է, որ հարցը փորձ է արվում լուծել մի ֆորմատով, որով այն չի կարող լուծվել. «Ինչպես կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը բանակցություններին չի մասնակցում: Սա պրագմատիկ խնդիր է: ԱՀ-ի անունից կարող են խոսել ԱՀ-ի իշխանությունները»:
ՀՀ վարչապետը նշեց, որ հայկական կողմերը միշտ էլ խաղաղ հանգուցալուծման կողմնակից են եղել, իսկ ահա Ադրբեջանը փաստացի միշտ օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն: