Քաղաքական Միջազգային գլխավոր 

Որքանով է վտանգում իրանա-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը հայ-ամերիկյան հարաբերությունները

Ի՞նչ է ուզում Դոնալդ Թրամփն Իրանից, ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում հնարավոր լարվածությունը, այս հարցերի մասին Analitik.am-ի թղթակիցը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ.

Պարոն Վարդանյան, և այսպես ԱՄՆ նախագահը ի վերջո կատարեց իր սպառնալիքը՝ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային պայմանագրից: Մինչև սրա պատճառներին և հետևանքներին անդրադառնալը, կասե՞ք, թե ինչ է տալիս այդ պայմանագիրը մեր տարածաշրջանին և ընդհանուր առմամբ աշխարհին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս իր նախընտրական քարոզարշավից շեշտում էր, որ միջուկային համաձայնությունն էֆեկտիվ փաստաթուղթ չէ, որ այն սխալ է և պետք է վերանայվի։ Սակայն, պետք է նշել, որ ինչպես փորձագիտական մակարդակում, այնպես էլ տարբեր մասնագետներ պնդում են, որ այս համաձայնագիրը և դրա բանակցությունները Երկրորդ Աշխարհամարտի բանակցություններից հետո ամենախճճվածն ու բարդն են եղել և արդյունքով էլ համապատասխանում է մասնագետների կարծիքին։ Այս համաձայնագիրն ապահովում և պահպանում էր կայունություն ու բալանսավորում ողջ աշխարհում և, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում։ Բոլորովին այլ բան է միջուկային համաձայնությամբ պարտավորություններ ու պարտականություններ ստանձնած Իրանը, մեկ այլ բան է ոչ մի պարտականություն չունեցող Իրանը։ Կարծում եմ՝ սա պետք է հստակ գիտակցել։

Իսկ ԱՄՆ-ի դուրս գալուց հետո պայմանագրի ճակատագիրը վտանգվա՞ծ է:

Բանն այն, որ ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից դուրս գալը քաղաքական հարթությունում շատ բան չի փոխում, քանի որ այս հարցում Եվրոպական երկրները, մասնավորապես, Եվրոպայում Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակից Մեծ Բրիտանիան չմիացան ԱՄՆ-ին և վերջինս, փաստորեն, մնաց միայնակ։ Իրանական կողմում հապճեպ որոշումներ չեն կայացնում և նշում են, որ դեռևս չեն պատրաստվում դուրս գալ համաձայնագրից, այլ կշարունակեն բանակցությունները Եվրոպական երկրների հետ։

Այս համատեքստում, անդրադառնալով Իրանի հետագա քայլերին, ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ա․ Լարիջանին նշել է․ «Նոր ստեղծված իրավիճակում Իրանը միջուկային ծրագրի հետ կապված նախկին կարգավիճակին վերադառնալու հարցում որևէ պարտավորություն չունի: ԻԻՀ ԱԳՆ-ի և Եվրոպայի միջև կայանալիք բանակցությունների արդյունքից հետո Իրանը համապատասխան որոշում կկայացնի: Մի քանի շաբաթ կհամբերենք, Եվրոպան պետք է ապացուցի, որ առկա խնդիրը լուծելու հարցում ծանրակշիռ դերակատարություն ունի»։ Ստացվում է, որ եվրոպական երկրների համար ստեղծվել է հրաշալի հնարավորություն ապացուցել, որ Եվրոպան ունակ է ինքնուրույն ու ԱՄՆ-ից անկախ որոշումներ կայացնել և այլևս ձերբազատվել ԱՄՆ-ի արբանյակ լինելու խարանից։

Իսկ ի՞նչ գիտենք  հիմքերի մասին, որոնք ԱՄՆ-ն ունի պայմանագրից դուրս գալու համար, եթե հաշվի առնենք այն, որ ՄԱԳԱՏԷ-ն որևէ խախտում չի հայտնաբերել իրանական կողմում:

Միջուկային համաձայնագրից դուրս գալը, չեղարկումը կամ փոփոխումը եղել է և մնում ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփի արտաքին քաղաքականության հիմնական առանցքը։ Այդ խնդրի հետ կապված վերջինս կատարեց մի շարք լուրջ կադրային փոփոխություններ։ Գալով հիմքերին՝ կարող ենք ասել, որ Դ․ Թրամփը շարունակ պնդում էր, որ այդ համաձայնագիրը չի կարող Իրանի համար լինել զսպող գործոն, որ Իրանը շարունակում է սեփական գաղտնի միջուկային ծրագրերը, որ պետք է որոշակի փոփոխություններ ներառվեն միջուկային համաձայնագրում, որոնք կզսպեն նաև Իրանի հրթիռային ծրագրերը և այլն, և այլն։

Այս համատեքստում պետք է նշել նաև այն հսկա աշխատանքը, որ կատարեց Իսրայելը։ Դրանց վառ ապացույցն է վերջերս Իսրայելի հատուկ առաջադրանքների և հետախուզական վարչության «Մոսադի» կողմից հայթայթած գաղտնի փաստաթղթերի և ֆայլերի հսկայական կորպուսի առկայությունը և դրա հանրայնացումն Իսրայելի վարչապետ Բ․ Նեթանյահուի կողմից։ Թե ինչքանով են այդ փաստաթղթերը իրական, դա, այս պարագայում, այդքան էլ էական չէ, քանի որ Իսրայելը և ԱՄՆ-ը դրանք համարում են հիմքերից մեկը, եթե ոչ կարևորագույնը։

Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս սրան կվերաբերեն վեցնյակի մյուս անդամները:

Վեցնյակի երկրներից, մասնավորապես, Եվրոպական երկրները և Ռուսաստանն արդեն արտահայտվել են այս հարցի կապակցությամբ և հայտարարել են, որ չեն ողջունում Դ․ Թրամփի որոշումը, քանի որ Իրանը կատարել է միջուկային համաձայնությամբ ստանձնած բոլոր պարտականությունները և ներկայումս էլ շարունակում է կատարել։

Այստեղ պետք է նշել նաև Իրանի կատարած այն հսկա աշխատանքը։ Փաստորեն, Իրանն իր հետևողական և ճշգրիտ հաշվարկած քայլերով կարողացավ Արևմուտքի որոշակի անկյունաքարային տեսակետներում տարակարծություն մտցնել։ Այստեղ մեծ դեր ունի նաև տնտեսական քաղաքականությունը, քանի որ ԵՄ անդամ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններում Իրանը, մինչ անցած տարվա նոյեմբեր, գրանցել էր 57 % աճ, իսկ Մեծ Բրիտանիայի հետ այս տարվա առաջին եռամսյակում արձանագրել 153 %-ից ավել առևտրատնտեսական աճ։

Իրանի նախագահն արդեն հայտարարել է, որ հարկ եղած դեպքում վերսկսելու են ուրանի հարստացումը՝ դա անելով նախկինից ավելի մեծ ծավալներով, սա ի՞նչ վտանգներ է ենթադրում:

ԻԻՀ ղեկավարությունը միշտ հայտարարել է, որ միջուկային համաձայնագրի չեղարկման դեպքում իրենք  կարող են շատ կարճ ժամանակահատվածում վերադառնալ այն կետին,  որտեղ կանգ են առել, և շարունակել ուրանի հարստացման սեփական ծրագրերը։  Ներկայումս, ինչպես արդեն նշեցի վերևում, Իրանը փորձում է դուրս չգալ միջուկային համաձայնությունից և շարունակել գործարքը Եվրոպական երկրների, Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին, եթե դա էլ չստացվի, ապա այս դեպքում մենք կունենանք մի Իրան, որն ամեն ինչ արել է միջուկային համաձայնության պահպանման համար, սակայն որոշակի երկրների ինչ-ինչ շահերի արդյունքում այն չեղարկվել է և Իրանին այլևս ոչ մի միջազգային ուժ չի կարողանա մեղադրել սեփական միջուկային ծրագրերն առաջ տանելու և զարգացնելու համար, եթե որոշի այդպես վարվել։ Այս դեպքում պարզապես ԱՄՆ-ը կփորձի տարածաշրջանային իր դաշնակիցների միջոցով, ամենատարբեր ձևերով Իրանի վրա մեծացնել ճնշումը, ինչը կարող է պատճառ հանդիսանալ տարածաշրջանը հերթական ճգնաժամի եզրին կանգնեցնելու համար։

Երևի թե մեզ ամենաշատը հուզում է այն, թե որքանով է այս ամենը վերաբերում Հայաստանին: Բացի այն, որ մենք Իրանի հարևանն ենք, մենք նաև բարեկամական հարաբերություններ ունենք այդ երկրի հետ: Իրանա-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը խանգարելո՞ւ է հայ-ամերիկյան հարաբերություններին:

Իհարկե, գտնվելով այս տարածաշրջանում, հարևան լինելով Իրանի հետ, չի կարող այս ամենը մեր վրա որևէ ազդեցություն չունենալ։ Պարզապես հայ-իրանական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն,  անցել են պատմության թոհ ու բոհի միջով, թրծվել ու փորձության են ենթարկվել  պատմական ամենատարբեր իրավիճակներով և հասել են մեր օրեր՝ որպես ամենալավ ու օրինակելի հարևանների հարաբերություններ։ Երկու երկրներն էլ միմյանց համար ունեն կենսական և ռազմավարական նշանակություն։ Եվ այս ամենը շատ լավ գիտակցում են երկուստեք։ Հայաստանն ու Իրանն ունեն սեփական օրակարգը և որևէ երրորդ կողմ չի կարող խանգարել այդ օրակարգի իրացմանը, բացի այդ,  երկու երկրներն էլ ունեն արտակարգ իրավիճակներում միմյանց հետ հարաբերություններ հաստատելու փորձ։  Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա հազիվ թե իրանա-ամերիկյան լարվածությունն ազդի դրանց վրա, քանի որ այդ  ամենի համար կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ:

Եվ թերևս վերջին հարցը, ի՞նչ է ուզում ԱՄՆ-ն Իրանից:

ԱՄՆ-ի նպատակն, ըստ երևույթին , միակողմանի պատժամիջոցներով կամ դրանց սպառնալիքներով օտարերկյա ներդրողներին Իրանում ներդրումներ կատարելու մտքից հրաժարվել ստիպելն է, որն էլ ավելի կվատացնի առանց այն էլ վատ վիճակում գտվող Իրանի տնտեսությունը, որն էլ կստիպի  սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաև երկրում բարձրացնել դժգոհության նոր ալիք և հասնել կամ իշխանափոխության, կամ էլ Իրանի համար վատագույն սցենարին՝ երկրի ներսում անկայուն վիճակ ստեղծելուն, որն իհարկե ամբողջ տարածաշրջանի համար հղի է լրջագույն սպառնալիքներով։

 

 

Նույն շարքից