Բարի օր Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Ինչպե՞ս են վերաբերվում Երևանի բնակիչները Տարոն Մարգարյանին

analitik.am

Analitik.am-ը  հարցում է անցկացրել՝ պարզելու մայրաքաղաքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կատարված աշխատանքների, տարիների ծավալած գործունեության վերաբերյալ Երևանի բնակիչների կարծիքները։

Քաղաքացիները հիմնականում գոհ էին Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքից: Նրանցից  մեկն ասաց, որ Տարոն Մարգարյանը Երևանի համար շատ բան է արել, ուստի չի կարող չգնահատել նրա աշխատանքը. «Թեկուզ ՀՀԿ անդամ ա, բայց ինքն ուրիշ ա, շատ բան ա արել Երևանի համար: Ես հիշում եմ Երևանը մինչ իր քաղաքապետ լինելը ու դրանից հետո, համեմատելու եզրեր չկա: Ես հարգում եմ Տարոն Մարգարյանին ու շատ կուզենայի, որ թացն ու չորը չխառնեն իրար»,- ասաց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց. «Իմ կարծիքով բոլոր մնացյալ քաղաքապետերից միակը, ով կարողացավ մի քիչ գույներ տալ էս քաղաքին, էդ Տարոնն էր, ու թող մեկն ասի, թե չկա նման բան, ժամանակին, որ փողոցներում նստելու տեղ չկար, աթոռները բերեցին դրեցին, մենք մեզ նենց պահեցինք, իբր տենց էլ պետքա լիներ, բայց հենց էտ մարդու օրոք ա եղել ու շատ բաներ, որոնք թվարկելն ուղղակի անհնար ա: Տարոն Մարգարյանը շունչ տվեց Երևանին»։

«Իբրև հանրապետական լավ չեմ վերաբերվում, բայց իբրև Անդրանիկ Մարգարյանի որդի և մարդ, ով վայելել է շատերի վստահությունն իր փորձի և ոչ քիչ ավանդի համար, ապա շատ հարգում և ընդունում եմ իրեն: Ես ուզում եմ ունենալ հենց Տարոն Մարգարյանի պես քաղաքապետ, նա իրոք լավ քաղաքապետ է ու եկեք օբյեկտիվ գնահատենք իրավիճակն ու բոլորին նույն արշինով չչափենք»,- վրդովված նշեց քաղաքացիներից մեկը:

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ հենց Տարոն Մարգարյանին է ընտրել ու նրան էլ ձայն կտա, եթե նորից առաջադրվի. «Չգիտեմ ով ոնց, ես կուզենամ, որ Տարոնը մնա, եթե տարբերակ կա, թողեք թող մնա, մնացած վատ աշխատողների  մասին մտածեք»։

Մեկ ուրիշ քաղաքացի հավելեց նաև, որ վատ ինչ-որ վիճակ չի նկատել Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում. «Ցանկանում եմ, որ Տարոն Մարգարյանը մնա քաղաքապետ, որովհետև ինքն իրոք շատ լավ քաղաքապետ է: Ափսոս է, չեմ ուզենա, որ հրաժարական տա»։

«Այո, կցանականամ, որ նա մնա, այսինքն՝ գոհ եմ նրա կատարած աշխատանքից, համենայն դեպս, մեր համայնքում զգալի փոփոխություններ կան դեպի լավը»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիները նշեցին մի շարք դրական փոփոխություններ, որ կատարվել են հենց Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ.  «Իմ համար դրական կողմերից մեկն էն է, որ քաղաքապետարանը տարին մեկ անգամ կազմակերպում է ծնողների հանդիպում իրենց զինվոր երեխաների հետ՝  հասցնելով նրանց  զորամաս, մի քանի ժամով հնարավորություն է տալիս հանդիպել ու կարոտն առնել»։

«Բավականին դրական եմ վերաբերվում, չի եղել որևէ հարց, որ դիմեմ քաղաքապետարան և այն արագ չկարգավորվի: Շատ արագ արձագանքում են՝ թե դպրոցներում առկա խնդիրների հետ կապված, թե աղբահանության ու մնացած հարցերի հետ կապված: Ես իրոք շատ կափսոսամ, եթե Տարոն Մարգարյանը հանկարծ հրաժարական տա»,- նշեց քաղաքացիներից մեկը:

Այն հարցին, թե ինչպես են վերաբերվում քաղաքապետարանի դիմաց անցկացվող ակցիային, որի մասնակիցները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը, քաղաքացիներից շատերն ասացին, որ տեղյակ էլ չեն և դրական չեն վերաբերվում, քանի որ ամեն ինչ պետք է լինի տրամաբանության մեջ.

«Ես ակտիվ մասնակցում էի բոլոր հնարահավաքներին, ես շատ եմ հարգում Նիկոլ Փաշինյանին և ուրախ եմ բոլորիս հաղթանակով, սակայն պետք չի ամեն ինչ վերածել առևտրի ու փորձել ՀՀԿ-ականների ձեռքից պաշտոնները վերցնել ու տալ մտերիմներին, դա անթույլատրելի կլինի: Մեր արածը ջուրը կընկնի: Պետք էր ազատվել վատ աշխատող պաշտոնյաներից, իսկ Տարոն Մարգարյանը լավ է աշխատել ու լավ է աշխատում»,- նշեց քաղաքացիներից մեկը:

«Ես ամեն օր հետևում եմ Նիկոլ Փաշինյանի էջին, ինքը նման կոչ չի արել ու կարծում եմ՝ ինչ-որ մարդիկ ուզում են օգտվել էս իրավիճակից ու սեփական շահը քաղել, շատ վատ եմ վերաբերվում դրան: Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ է, թող թողեն աշխատի, ինչի՞ հրաժարական տա»,- հավելեց մեկ այլ քաղաքացի:

Տեղեկանալով, որ ակցիային մասնակցում է Զարուհի Փոստանջյանը՝ հարցված քաղաքացիներից բոլորն ասացին, որ առավել ևս,եթե այդպես է, ապա չպետք է թույլ տալ, որպեսզի Տարոն Մարգարյանը հրաժարական տա, քանի որ Փոստանջյանն, ըստ իրենց, դավաճան է, ինչը ոչ մի անգամ է ապացուցվել:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից