ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը կարծում է, որ նոր կառավարության ձևավորման մասով գլխավոր հանգամանքը պետք է լինի այն է, որ նոր թիմը լինի համակիրների թիմ, այնտեղ լինեն մարդիկ, ովքեր մտածում են նույն կերպ, մտահոգ են նույն խնդիրներով:
Այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին նախարարը նշեց, որ նախորդ կառավարություններում պրոֆեսիոնալներ են եղել, սակայն չի եղել համակիրների թիմ, չի եղել թիմային մոտեցում: Մանուկյանի խոսքերով, յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու պետք է չմոռանա նաև թիմային պատասխանատվության մասին:
Մանուկյանը խոսեց նաև քաղբանտարկյալների մասին՝ մասնավորապես նշելով, որ այս թեմային պետք է իրավական շապիկ հագցնել, հակառակ դեպքում, ինքնիրավչություն կլինի:
Նախկին նախարարը նաև չբացառեց, որ տեղի ունեցած շարժման ժամանակ կարող է օրենքներ խախտված լինեն, սակայն, նրա խոսքերով, դա չի կարող ազդել ժողովրդական ընդվզման վրա՝ բնական է, որ քաղաքացիական անհնազանդության ժամանակ օրենքներ են խախտվում: